Փոքրիկը դատարանում պատմել է` ինչպես է հայրը ծխախոտը հանգցնում մոր ճակատին
Վանաձորի բնակիչներից մեկի ընտանիքում այս տարվա սկզբին ընտանեկան կոնֆլիկտը հասել է դատարան և կես տարի տևած դատական քաշքշուկի արդյունքում այժմ ամուսինները միասին չեն ապրում. 43-ամյա Գարիկ Պապոյանը կնոջը դաժանորեն ծեծելու համար դատապարտվել է ազատազրկման մեկ ամսով:
Գարիկ և Գայանե Պապոյանները համատեղ ամուսնական կյանքից ունեն երեք երեխաներ: Այս տարվա փետրվարին նրանց միջև կենցաղային վեճ է ծագել, ինչպես դատարանում հայտարարում է կինը, վերջին չորս տարվա ընթացքում իր և Գարիկի հարաբերությունները լարված են եղել, իրենք եղել են անհաշտ, ընտանիքում առաջացել են վիճաբանություններ, ինչի պատճառով էլ գնացել է իր հայրական տուն` Օձուն: Ասել է, որ ցանկացել է Գարիկից ամուսնալուծվել և երեխաների խնամքը իրեն հանձնելու ու ալիմենտի բռնագանձման հայտարարությունով դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Կնոջ խոսքով՝ ամուսնու քրոջ մահից հետո իր հայրական տուն են եկել Գարիկի բարեկամները և ասել, որ նա զղջացել է իր արարքների համար և եթե ինքը տուն վերադառնա, ապա Գարիկն այլևս իր հետ չի վիճի և իր վրա ձեռք չի բարձրացնի: Դրան հավատալով՝ կինը վերադարձել է տուն և մնացել է այնտեղ, սակայն Գարիկը շարունակել է վիճաբանել իր հետ:
Պատմել է, որ ամուսինը խանդել է իրեն, և ճակատագրական փետրվարի 15-ին տուն է գնացել հարբած վիճակում, սկսել է վիճաբանել մոր հետ և սեռական բնույթի հայհոյանքներ տվել մոր հասցեին, այնուհետև սկսել է վիճել իր հետ, և վեճը հասել է ընդհուպ ֆիզիկական ուժ գործադրելուն: Ըստ կնոջ պատմածի` սեռական բնույթի հայհոյանքներ տալուն զուգահեռ` ձեռքերով և ոտքերով հարվածել է մարմնի տարբեր մասերին, ապա վառված ծխախոտի գլանակը հանգցրել իր ճակատին, այնուհետև գնացել է խոհանոց և այնտեղից բերել է խոհանոցային դանակ, դրել կոկորդին և սպառնացել, որ կսպանի: Այդ վիճաբանությունը տևել է մոտ մեկ ժամ, որի ընթացքում Գարիկը պարբերաբար հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին: Վիճաբանության ժամանակ տանը եղել են միայն ինքը, ամուսինը, նրա մայրը` Հասմիկը և երեք անչափահաս երեխաները: Վիճաբանության ընթացքում Գարիկի մայրը փորձել է հանդարտեցնել որդուն, սակայն նա պահանջել է, որ չմոտենա, և մայրը նույնպես վախեցել է Գարիկից, ինչի պատճառով էլ չի կարողացել օգնել հարսին:
Դատարանում կինն ասել է, որ նախկինում ևս եղել են դեպքեր, որ ամուսինը իրեն մարմնական վնասվածքներ պատճառի և ծեծի, ինչի մասին ինքը հաղորդումներ է ներկայացրել ոստիկանության բաժին, սակայն իրենց հաշտությամբ գործերը վերջացել են:
Դատարանում վկայություն տված փոքրիկ Գոհարիկը պատմել է, որ տեսել է՝ ինչպես է հայրը ծխախոտը դրել մոր ճակատին և ասել է, որ պետք է սպանի: Իրենք սկսել են լացել, ինչից հետո հայրը դանակը դրել է սեղանին: Երեխան նաև վկայել է, որ ծեծելուց հետո մայրը չի կարողացել շարժվել:
Գարիկ Պապոյանի փաստաբան Հովսեփ Հովսեփյանը Panorama.am-ին ասաց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել և իրենք ժամանակ ունեն բողոքարկելու: «Սակայն հարց է` իմ պաշտպանյալը կցանկանա՞ բողոքարկել, թե՞ ոչ: Մինչև այս պահը բողոքարկման մասին իմ պաշտպանյալը ոչինչ չի ասել ինձ»,- ասաց փաստաբանը` նկատելով, որ նշանակված պատժաչափը` 1 ամիս կալանքը, նորմալ է գնահատում:
Դիտավորությամբ մարդու առողջությանը վնաս հասցնելու համար (ՀՀ Քր. Օր 113 հոդված) 1 ամսով կալանքի դատապարտված Ռազմիկ Պապոյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ դատական վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է, որպեսզի Պապոյանը ենթարկվի ալկոհոլիզմի դեմ հարկադիր բուժման:
Հ. Գ. Հրապարակման մեջ ընտանիքի անդամների անունները պայմանական են: