Haqqin.az. Ինչպե՞ս հաքերներին հաջողվեց «վնասազերծել» Ադրբեջանի բոլոր կառավարական կայքերն ընտրությունների նախօրեին
Օգոստոսի 22-ի գիշերը Ադրբեջանի` բառացիորեն բոլոր կառավարական կառույցների կայքերը դադարեցին գործել: Ընդ որում, խորհրդավոր արգելափակման մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չէր հաղորդվում, հայտնում է Haqqin.az ադրբեջանական կայքը:
Նյութում նշվում է, որ պաշտոնական տեղեկատվության բացակայությունը համացանցում բազմաթիվ վարկածների տեղիք է տվել: Մասնավորապես, օգտատերերը հիշել են հաքերային հարձակումների վտանգի մասին Ադրբեջանի`պաշտպանության պետական հատուկ ծառայության տեղեկատվական անվտանգության պետգործակալության համակարգչային միջադեպերի դեմ պայքարի կենտրոնի հայտարարությունը:
Հայտարարությունում ասվում էր, որ հաքերային հարձակումների զոհերի ցուցակում են տասնյակ կառավարական գերատեսչություններ, որոնք գրանցված են կառավարական gov.az դոմեյնի վրա: Դրանք են` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը (AzTV), Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, էկոլոգիայի նախարարությունը, սահմանային պետական ծառայությունը, արդարադատության նախարարությունը, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, երիտասարդության և սպորտի նախարարությունը, առողջապահության նախարարությունը և այլն:
«Եթե կայքերն արգելափակվում են, նշանակում է, որ դա ինչ-որ մեկին պետք է: Ճշգրիտ տեղեկատվության բացակայության դեպքում, կարելի է միայն արգելափակման հեղինակի մասին վարկածներ հորինել: Ընդ որում, մի ժամվա ընթացքում դրանք քիչ չհորինվեցին ադրբեջանական Համացանցում: Դրանցից ամենատարածվածը հաքերային հարձակումն էր: Սակայն հարց է առաջանում, ինչպե՞ս անհայտ անձինք կարողացան «վնասազերծել» Ադրբեջանի բոլոր կառավարական կայքերն ընտրությունների նախօրեին»,- նշվում է նյութում:
Հեղինակը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը հաճախ է խոսում տեղեկատվական անվտանգության մասին, սակայն տեղեկատվական անվտանգության հենց այդ տխրահռչակ համակարգն իսկ չի կարող դիմակայել նույնիսկ մեկ հարձակմանը:
«Ինչո՞վ է զբաղված ազգային անվտանգության նախարարությունը (Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայությունը – խմբ.), որն անմիջականորեն պատասխանատու է տեղեկատվական անվտանգության համակարգի և կառավարության համցանցային բովանդակության պաշտպանության համար: Ինչ է, դրանով և՞ս պետք է նախագահը զբաղվի»,- հարցադրում է կատարում հեղինակը: