Rosneft-ում շփոթված են Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի շահագործման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունից
Ադրբեջանի տարածքով ռուսական նավթի փոխադրման մասին հակասական տեղեկություն է ստացվել, հայտնում է Minval.az ադրբեջանական ինֆորմացիոն պորտալը:
Նյութում նշվում է, որ ադրբեջանական SOCAR կազմակերպության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը շտապել է ԶԼՄ-ներին հայտարարել, որ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով տարեկան 5 միլիոն տոննա սիբիրյան Urals ապրանքանշի նավթի փոխադրման մասին բանակցությունները ռուսական Rosneft-ի հետ արդեն սկսվել են: Այնուհետև, Աբդուլլաևը հայտարարել է, որ կողմերը նաև բանակցում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով Urals նավթի մասնակի փոխադրման հնարավորության մասին: Իր խոսքերով`քննարկվում է նաև Բաքվի վերամշակման ձեռնարկություններում ռուսական նավթի մի մասի վերամշակման հնարավորությունը:
Սակայն, ինչպես նշվում է նյութում, Rosneft-ում շփոթված են ադրբեջանական կողմի հայտարարությունից: Ոչ SOCAR-ը, ոչ էլ Rosneft կազմակերպությունը չեն դիմել ռուսական նավթամուղային մոնոպոլիստ Transneft-ին Ադրբեջանի ուղղությամբ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի շահագործման համար:
Transfest-ի փոխնախագահ Միխայիլ Բարկովի խոսքերով` այդ հարցով իրենց ոչ մեկ չի դիմել, և ոչինչ չի համաձայնեցվել: Նյութում նշվում է, որ SOCAR-ի այդ պլանների իրագործումը կարող է հարված հասցնել Lukoil-ի շահերին, որը նավթամուղն օգտագործում է կասպյան նավթը Մախաչկալայից Նովոռոսիյսկ փոխադրելու համար:
Նյութում նշվում է, որ վիճելի է մնում նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով նավթի երկու ապրանքանիշերի` Azer Light-ի և Urals-ի միախառնման հարցը: Չնայած ըստ API դասակարգման` նավթի այդ երկու ապրանքանշերի խտությունները միմյանց մոտ են` 34,8 և 32 համապատասխանաբար, այնուամենայնիվ ծծմբի քանակության մեջ կա նկատելի տարբերություն: Ավելի որակյալ ադրբեջանական նավթում դրա պարունակությունը մոտ 0.15% է, իսկ ռուսականում 1.2%: Հետևաբար, տարբեր են նաև գները. Նավթի միջազգային բորսայում ադրբեջանական նավթի մեկ բարելի գինը 10 դոլարով ավելի թանկ է:
«Փորձագետների կարծիքով, նավթի ռեվերսային փոխադրման մասին SOCAR-ի նախագահի հայտարարությունն ունի քաղաքական համատեքստ: Ադրբեջանական կողմը ցանկանում է ապացուցել, որ նավթի ոլորտում համագործակցության նախնական մտադրությունը, որի մասին նշվել էր նախագահ Պուտինի` վերջերս Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ընթացքում, իրական է:
Պաշտոնական Բաքուն փորձում է ցույց տալ, որ սառած ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր բովանդակություն են ստանում» նշվում է նյութում: