Սպանված թուրք հովվի ընտանիքը ուզում է դատի տալ թուրքական «Taraf» թերթին
Թուրքիայում սկանդալ է հասունանում Հայաստանի հետ սահմանին սպանված թուրք հովվի հարազատների և թուրքական «Թարաֆ» թերթի միջև: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am» կայքը:
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները հովվի մահը լուսաբանում էին որպես հայ զինվորների կողմից խաղաղ բնակչի սպանության փաստ: Լուսաբանման այս ընթացքը շեղվեց այն բանից հետո, երբ օրեր առաջ թուրքական «Թարաֆ թերթում հրապարակվեց «Հովվի հարձակում, որը նման է ֆիլմի» հոդվածը, որտեղ ներկայացվում էր, երկու երկրների միջև ծագած «հովվային ճգնաժամի» ողջ նախապատմությունը:
Ըստ այդ հրապարակման` սպանված հովիվ Մուստաֆա Ուլքերը զինվորական համազգեստ հագած երկու անգամ հարձակվել է հայկական սահմանապահ ուղեկալի վրա ու կրակ բացել: Պատճառը եղել է այն, որ թուրք հովիվներն իրենց անասուններին արածացնում էին հայկական արոտավայրերում: Նրանց քանիցս զգուշացվել է չանել նման բան, բայց նրանք շարունակել են նույն կերպ: Հայաստանի սահմանապահներն էլ որպես պատիժ առգրավել են կենդանիներին և թուրք սահմանապահների խնդրանքից հետո միայն վերադարձրել: Սակայն վերադարձնելուց հետոնոր ճգնաժամ է սկսվում: Վերադարձված որոշ կենդանիներ տարբեր վնասվածքներ ունեին` մի մասի եղջյուրներն են կոտրված եղել, մի մասի պոչերն էլ` կտրված: Մուստաֆա Ուլքերն էլ որոշում է Հայաստանի սահմանապահներից վրեժխնդիր լինել, ինչի հետևանքով էլ վնասազերծվել է մահվան ելքով:
Թուրքական «Հաբերվաքթիմ» լրատվական կայքը ընդգծված արշավ է սկսել «Թարաֆ»-ի վերոնշյալ հրապարակման դեմ` համարելով դա սուտ տեղեկատվություն: Նշվում է, որ դա վրդովունք է առաջացրել է սպանված հովվի ընտանիքի անդամների մոտ և նրանք պատրաստվում են դատի տալ «Թարաֆ»-ին: Հովվի հարազատները, հակառակ «Թարաֆ»-ի հոդվածի, պնդում են, որ հովիվը չի հարձակվել սահմանապահ ուղեկալի վրա, որ սպանվել է ոչ թե գլխի, այլ թիկունքի շրջանում ստացված հրազենային վնասվածքից, բացի այդ նա եղել է ոչ թե զինվորական համազզեստով, այլ` առօրյա կենցաղային: «Պրեսսթուրք» կայքն էլ «Թարաֆ»-ի հասցեին գրել է. «Նույնիկս հայերն այդչափ հայ չեն, որքան դուք»:
Նախորդող հրապարակում՝ Սպանված թուրք հովիվը, զինվորական համազգեստ հագած, կրակ էր բացել հայկական սահմանապահ ուղեկալի վրա