Թուրք վերլուծաբանը` Թուրքիայի ձախողումների մասին
Թուրքական «Վաթան» թերթի սյունակագիր Մուստաֆա Մութլուն իր «Հզոր երկիր» հոդվածում քննության է առել Թուրքիայում շուրջ 12 տարի իշխանության եկած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) արած գործերն ու ստացած արդյունքները: «Ermenihaber.am» լրատվականը ներկայացրել է ամբողջական հոդվածը, որը կարող եք կարդալ ստորև:
«ԱԶԿ»-ի իշխանության գալու տարիներին Թուրքիան Հունաստանից ու Հայաստանից բացի ուրիշ երկրներ հետ խնդիր չուներ: «ԱԶԿ»-ական իշխանությունը սկզբի տարիներին մեծ կարևորությունն էր տալիս միջազգային հարաբերություններին:
Վարչապետը, օգնականները, արտգործնախարարը և այլ նախարարներ ամեն պատեհ առիթով Եվրոպայում, Ամերիկայում, Հեռավոր արևելքում և Աֆրիկայում էին շունչ քաշում:
Մեծ Բրիտանիայի վարչապետը մեր եղբայրը, իսկ Գերմանիայի վարչապետն էլ մեր պատվավոր քաղաքացին դարձան
Արաբ թագավորները իրար հետևից գալիս-գնում էին: Եղբայրական էր հարաբերությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Երբ լսում էինք Իրանի նախագահն է այցելելու մեր երկիր, շտապում էինք երթևեկությունը կանգնեցնել:
Դե իսկ Հունաստանի վարչապետին էլ վատ չէինք սկսել «կռել-կոփել»:
Անհավատալի աջակցություն կար
«ԱԶԿ»-ի միջազգային հարաբերություններն այնքան գերազանց էին, որ ամեն օր մի շարք օտարերկրյա ամսագրերում կամ թերթերում վարչապետին և կուսակցությանը փառաբանող լուրեր ու մեկնաբանություններ էին հրապարակվում:
Մերոնք էլ այն օրերին, դե անշուշտ, «Մեր ներքին գործերին մի խառնվեք» էին ասում:
Արտաքին այդ լավ հարաբերությունների շնորհիվ էր, որ աշխարհիկության դեմ դուրս գալու հատկանիշով Սահմանադրական դատարանի կողմից մեղադրվող «ԱԶԿ»-ն փրկվեց լուծարվելուց և փակվելուց: Դատավարության ընթացքում ամբողջ աշխարհն ուղերձներ էր հղում. «Եթե «ԱԶԿ»-ն փակվի, մեզ համար կվերջանա Թուրքիան»:
Ախ, այդ «զրո խնդիրը»
Հետո արտաքին քաղաքական գերատեսչություն բերվեց Ահմեթ Դավութօղլուն ու դրանից հետո ահա թե ինչեր եղան: Այդ պարոնը ձեռնամուխ եղավ Թուրքիան տիպիկ օսմանյան ձևի «աշխարհի առաջնորդ» սարքելուն: Նա ասում էր. «Մեր հարևանների հետ «զրո խնդիր» քաղաքականությունն ենք վարելու: Ոչ մի հարևանի հետ ոչ մի խնդիր չի մնալու»:
Այդ օրվանից հետո այօսր ահա հասել ենք հետևյալ տեսարանի առաջ.
Հունաստանի հետ, Բուլղարիայի հետ, Հայաստանի հետ, Վրաստանի հետ, Նախիջևանի հետ տարիներ շարունակ ոչ մի շփում չկա: Իրանի հետ իրար «միս ենք ուտում»:
Իրաքի հետ հարաբերությունները հիշեցնում են սգո թափորի երթ: Սիրիայի հետ արդեն եղբայրություն չկա... պաշտոնապես պատերազմի նախաշեմին ենք: Իսրայելին «ջնջեցինք» Դավոս ընդամենը մեկ րոպեում:
Ռուսաստանը մեր դեմ դիլեր է խաղում, ջերմ չի և ամեն պահի հիշեցնում է, ինչ պետք է: Դե Հնդկաստան, Ճապոնիա, Չինաստան և մյուս հեռու երկրները իսկապես էլ հեռու են մնացել:
Նույնիսկ ԵՄ-ին օտարեցինք մեզնից
Եվրամիության (ԵՄ) երկրների հետ տարիներով վայրահաչում ենք, ներառյալ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ: Բանն այնտեղ հասավ, որ արդեն էլ չենք գնում ԵՄ-ի գագաթաժողովին, այն դեպքում, երբ այնտեղ գնալ նկարվելու համար վարչապետի ուշքը գնում էր: Գեզիի ցույցերի ընթացքում իշխանություններին ուղղված քննադատությունների թեժացմամբ էլ կապերը ԵՄ-ի հետ լրիվ կտրվեցին:
Մնացել էին ԱՄՆ-ն և արաբական երկրները: Նրանց էլ կորցրեցինք, երբ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ աջակցություն հայտնեցինք Մուրսիին: Մեր վարչապետը երեկ Սպիտակ տան մամուլի խոսնակի կողմից ամբողջ աշխարհի առաջ շատ խիստ քննադատության ենթարկվեց: Եգիպտոսում նոր իշխանությանը աջակցող արաբական երկրներն էլ արդեն մեր երեսը չեն ուզում տեսնել:
Այս է դրությունը: Իսկ մեր արտգործնախարարը դեռ հեքիաթ է պատմում, թե Թուրքիան ինչ հզոր երկիր է դարձել:
Ինչ ասեմ, Աստված թող մեզ փրկի այս տեսակ ավելի «հզորանալուց»: