Իրանի ԱԳ նախարար. Սիրիայում քիմիական զենքի կիրառումը բխում է ահաբեկչական խմբերի շահերից
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ահմեդ Դավութօղլուն Սիրիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Զրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը, դատապարտելով զանգվածային ոչնչացման որևէ զենքի կիրառումը, նշել է. «Արևմտյան որոշ ԶԼՄ-ներ պնդում են, թե քիմիական զենքը կիրառել են Սիրիայի իշխանությունները: Եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա դա կատարված կլիներ ահաբեկչական խմբավորումների կողմից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի հետաքննիչները գտնվում են Սիրիայում և այդ երկրի իշխանությունների գործողությունների արդյունքում ահաբեկչական խմբավորումները հետ են քաշվել իրենց դիրքերից, այդ պարագայում Սիրիայի իշխանությունները ինչպե՞ս կարող էին գնալ այդ քայլին, ուստի այդ հանցագործ արարքը կատարվել է ահաբեկիչների կողմից, քանի որ նրանց շահերից է բխում, որպեսզի սիրիական ճգնաժամն ավելի խորանա և միջազգային բնույթ ստանա»:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ Դավութօղլուն ևս մտահոգություն է հայտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստի առնչությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ալ-Ջազիրա», «Ալ-Արաբիա» և բրիտանական «Սքայ Նյուզ» հեռուստաընկերությունները տեղեկություն էին տարածել, թե Սիրիայի կառավարության կողմից Դամասկոսի արվաձաններում քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհվել է 213 մարդ: