Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետին՝ պահանջելով 1.5 մլն դրամ
Երեկ Գորիսի` 1992-1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հայտարարություն է արել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն դատի է տվել:
Հայցադիմումում Սուրիկ Խաչատրյանը նշել է, որ Սամվել Հարությունյանը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Կատարվածի առիթով Սամվել Հարությունյանը մեկնաբանել է. «ԶԼՄ-ներով հրապարակվել են հարյուրավոր հոդվածներ, հայտարարություններ, ելույթներ, բերվել են նրա ոճիրներն ապացուցող փաստեր, որոնցից ոչ մեկը դատարանի վճռով կամ այլ կերպ հիմնավորապես չի հերքվել: Միայն վերջին 80 օրերին հեռուստաեթերով, այլ ԶԼՄ-ներով ունեցածս ավելի քան 20 ելույթներում, հայտարարություններում, հարցազրույցներում հրապարակել եմ Լիսկայի և նրա բանդայի կատարած ոճիրների մասին ճնշող փաստեր, ապացույցներ, քանիցս պահանջել եմ, որ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները վերջակետ դնեն վերջինիս 23-ամյա արատավոր քրեական ընթացքի հետ կապված, դրսևորված հանցավոր անգործությանը, անհապաղ հարուցեն քրեական գործ, ձերբակալեն ու կալանավորեն նրան: Սակայն մինչ օրս քրեական գործ չի հարուցված»:
Իսկ «Իրավունք» թերթն իր «Բամբասանք» խորագրի գրել է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատարան է դիմել քաղաքացիական հայցով՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի՝ նրա ներկայացրած շուրջ 50 կրիմինալ դրվագներից առանձնացնելով 2 սպանությունների դրվագների վիճարկումը՝ որպես զրպարտություն։ Ինչպես տեղեկացանք իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրից, տվյալ դեպքում Լիսկային քաջալերել են հենց այդ դրվագով դիմելու դատարան՝ նշելով, որ միևնույն է, համապատասխան ապացույցները ժամանակին հուսալիորեն կոծկվել են։ Սակայն նույն աղբյուրի վկայությամբ՝ այդ գործերի նյութերի պատճենները պահպանված են, և կազմակերպվելու է դրանց արտահոսքը հենց դատավարության ժամանակ։ Այսինքն` հնարավոր է, որ տվյալ պարագայում խորամանկ Լիսկան «երկու թաթով թակարդն ընկնի»: