Ադրբեջանական քրդերը վիճաբանել են 5 հազար դոլարի պատճառով
Ադրբեջանի «Ronahi» քրդական համայնքի անդամները որոշում են կայացրել պաշտոնից հեռացնել իրենց նախագահ Ֆահրադդին Փաշաևին: Haqqin.az ադրբեջանական պորտալը տեղեկացնում է, որ նշված համայնքի անդամ Նամիկ Նասիբովը, ով հանարահայտ է դարձել լուսանկարում Քրդական աշխատանքային կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանայի պատկերով շապիկ կրելով, տեղեկացրել է, որ սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը քրդական «Ronahi» մշակութային համայնքին 5 հազար եվրո է հատկացրել:
Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն ներկայացված ծրագրի համաձայն` համայնքը պլանավորում էր քուրդ երգիչ Ջավանշիր Շերոնի համերգը և քրդական ազգային հագուստի ցուցադրություն կազմակերպել Բաքվում: Սակայն Նասիբովի խոսքերով` Ֆահրադդին Փաշաևը յուրացրել է այդ գումարը: Նա նշել է, որ Փաշաևը գումար է հատկացրել միայն քուրդ երգչի համերգի համար և այդ նպատակով ծախսել է 1500 եվրո: Համացանցում Փաշաևի գործողությունների վերաբերյալ իր վրդովմունքն արտահայտելուց հետո հրապարակվել է նրա չարաբաստիկ լուսանկարը և Նասիբովը 10 օրով ձերբակալվել է:
Նասիբովը նաև հայտնել է, որ Փաշաևն անօրինական կերպով ներխուժել է Բաքվի Նարիմանովսկու շրջանում գտնվող կազմակերպության գրասենյակը և այնտեղ ոչ լեգիտիմ հանդիպում է անցկացրել: Նասիբովը և համայնքի այլ անդամներ արդեն դիմել են Նարիմանովսկու շրջանի ոստիկանություն Փաշաևի ապօրինի գործողությունների կապակցությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Բաքվի Նարիմանովսկու շրջանի ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել Ադրբեջանի ազգային հերոս Քյամիլ Նասիբովի որդուն` Նամիկ Նասիբովին, ով լուսանկարում կրում էր Քրդական աշխատանքային կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանայի պատկերով շապիկ: ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանները հարցաքննել են Նասիբովին`փորձելով պարզել, թե ինչու է վերջինս քարոզում «ահաբեկչական կազմակերպության» առաջնորդին: Պրոֆիլակտիկ զրույցից հետո քարոզիչն ազատ է արձակվել: Հաջողություն մաղթելիս ոստիկանները Նասիբովին խորհուրդ են տվել մյուս անգամ ավելի խելացի լինել: