Բուդաղյանը ցուցմունք տվել է. Ալումյանը տարօրինակ է համարում ՊՆ քննչականի հաղորդագրությունը
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հաղորդագրությունը շատ տարօրինակ էր ամբողջությամբ: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գորիսի դեպքերի գործով Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը:
Նշենք, որ այսօր առավոտյան ՊՆ քննչական ծառայությունը հաղորդագրության մեջ նախ նշում էր, որ պատրաստ է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն, «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»:
Ալումյանի խոսքով` այդ ամենը նորմալ է, և իրենք երբևէ չեն ասել, որ այն իրականությանը չի համապատասխանում: «Մենք երբևէ չենք խոսել նախաքննական մարմնի մոտ գտնվող տեսանյութի որակի մասին, մենք միշտ խոսել ենք համացանցում տարածված տեսանյութի մասին և ասել ենք, որ այն մոնտաժված է ու կեղծված: Ու հիմա էլ ասում ենք, որ համացանցում տարածված տեսանյութը կեղծված է եղել` քողարկելու իրական կրակողներին: Նախաքննական մարմնի մոտ գտնվող տեսանյութը որ մոնտաժված չէ, դա միայն մեզ համար է ողջունելի»,- մեզ հետ զրույցում նկատեց Հայկ Ալումյանը:
Փաստաբանի խոսքով՝ հաղորդագրությունը տարօրինակ է նաև այն պատճառով, որ տեղեկացնում է, թե Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և այսօր է կանչվել հարցաքննության: Ալումյանը նախ պնդեց, որ Արտակ Բուդաղյանը այսօր պաշտոնապես հարցաքննության չի հրավիրվել, այնուհետև ներկայացրեց.
«Երեկ պարոն Բուդաղյանը՝ սկսած ժամը 15:00-ից, հարցաքննվել, ցուցմունք է տվել մոտավորապես երկու ժամ` առողջապես գտնվելով ոչ բարվոք վիճակում, դրանից հետո էլի մոտավորապես երկու ժամ այդ տեսանյութի վերաբերյալ փորձաքննությանն է մասնակցել, որը բավականին երկար պրոցես է. տեսանյութը նայել ենք, եզրակացությանն ենք ծանոթացել: Դա Բուդաղյանի համար բավական երկար պրոցես էր, որովհետև մի քանի անգամ ինքը կադրերը նայել է: Դրանից հետո երբ երեկոյան ժամը ութը դարձավ, պետք է գնար հոսպիտալ վիրակապվելու, ջերմությունն էլ բարձրացել էր, հանկարծ իրեն հայտարարեցին, որ հինգ հոգու հետ պետք է առերեսվել: Բայց մենք ասացինք, որ ճիշտ պահը չէ, կառերեսվենք, բայց ոչ այսօր ժամը ութին: Բայց տարածել այդ ամենը այնպես, ինչպես իրենք են այսօր տարածել, դա ոչ այլ բան է, քան իրականության խեղաթյուրում»:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի միջնորդությանը` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելուն, ապա Ալումյանն ասաց. «Պաշտպանի պարտականությունն է անել այն, ինչ թելադրված է անել իր վստահորդի շահերից: Այլ բան է, որ այդ միջնորդությունը նույնն է, ինչ սևը համարես սպիտակ»:
Հիշեցնենք, որ Գորիսում հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախկին մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը ու թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում են շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Նրանք կալանավորվել էին դեպքից հետո և մինչ այժմ գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նշենք նաև, որ նախաքննության ժամանակ պարզվել էր, որ դեպքի օրը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին եղել է թմրանյութի ազդեցության տակ: Տեղեկացնենք նաև, որ այս գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել նաև այդ օրը մահացած Ավետիք Բուդաղյանի եղբայր, Ասկերանի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի նկատմամբ այն բանի համար, որ սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին:
Կարդացեք նաև` Արտակ Բուդաղյանն այսօր դարձյալ հրավիրվել է հարցաքննության
Փաստաբանը Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան