Դիլիջան են մեկնում մարզպետներն ու նախարարը
Փարաքարի բնակիչներն առաջին անգամ չէ, որ օգտվում են նույն «Պազ»-ի ծառայություններից: Գյուղապետ Սամվել Վարդանյանի խոսքով, վարորդը Երևանի բնակիչ է, իսկ նրա եղբայրը` Փարաքար գյուղի:
«Իր սեփական ավտոբուսն է: Էս վերջերս էդ ավտոբուսով տատիկներին տարել էր Կիրովական` ճամբար, երեխաներին` գազանանոց: Երիտասարդ, նորմալ, մեքենան նայող տղա է: Գները մի քիչ մատչելի են, միշտ օգտվում էինք»,- ասաց գյուղապետը, ավելացնելով, որ ավտոբուսի՝ սարքին լինելու վերաբերյալ հարցերին պատասխան կտա փորձաքննությունը:
Նրա ներկայացմամբ՝ 18-ից մեկը վարորդն է եղել, իսկ մնացածը գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչներն են ու տնօրենը, բայց ոչ բոլորն են Փարաքարի բնակիչներ:
Դիլիջան հասած գյուղապետը խոսել է վիրավորների հետ, առավել շատ տուժել է վարորդը: Հարցրել է` ոնց է: Բայց խոսել դժվարարցել է: Մի քանի հիվանդի հետ վարորդն էլ տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:
Գյուղապետի ներկայացմամբ՝ երեքի վիճակը լավ է, հնարավոր է` նույնիսկ այսօր դուրս գրվեն: Դասերը հետաձգելու վերաբերյալ հարցին այս պահին դժվարանում է հստակ պատասխան տալ. «Չեմ կարծում»:
Քիչ առաջ հիվանդանոցից ճանապարհել են Տավուշի մարզպետին, շուտով կդիմավորեն Արմավիրի մարզպետին` նա ճանապարհին է: Քիչ անց Հիվանդանոցում կլինի նաև առողջապահության նախարարը:
Դիլիջանի հիվանդանոցի տնօրեն Սիլվա Պետրոսյանի խոսքով՝ այս պահին հինգը տեղափոխվել են Երևան, տեղափոխման են պատրաստվում ևս երեքը:
«Մյուսների վիճակը միջին ծանրության է»,- ասաց տնօրենը:
«Էրեբունի» ԲԿ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանն ասաց, որ այս պահին Էրեբունիում գտնվում են տուժածներից երկուսը, նրանք հետազոտություններ են անցնում, ինչից հետո պարզ կլինի, թե ինչ միջամտություններ են հարկավոր:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Պազ» մակնիշի ավտոբուսի վարորդը Դիլիջանի ոլորանների երկրորդ շրջադարձին կորցրել է մեքենայի կառավարումը և մոտ 22 մետր գլորվել ձորը՝ ընկնելով 3-րդ ոլորան: