Դիլիջանի վթարից տուժածներից 4-ի վիճակը կայուն ծանր է. Նախարարն այցելել է Դիլիջանի հիվանդանոց
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ այցելել է Դիլիջանի բժշկական կենտրոն` այսօր առավոտյան Երևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով։ Ավտոբուսի 18 ուղևորները (Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչներ) սկզբում հոսպիտալացվել են այս կենտրոնում։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից:
Դերենիկ Դումանյանը զրուցել է կենտրոնում գտնվող տուժածների հետ։ Մասնագետները նախարարին ներկայացրել են յուրաքանչյուրի հետազոտությունների արդյունքները, ախտորոշումները, ցուցաբերվող բժշկական օգնությունը, քննարկել հետագա բուժման տակտիկան։ Նաև զեկուցեցին, որ կենտրոնն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով և լուծույթներով։
Վթարից տուժածներից 6-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական հսկողության տակ և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Տուժածներից ևս 2-ը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ և բժշկական միջամտություններ։ Իսկ մեկը տեղափոխվել է «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա` ջլի կտրվածքով, անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով։
Մեկ տուժած Երևան տեղափոխվելուց հետո հրաժարվել է հետագա բուժօգնությունից և տուն գնացել։
Ներկայումս 18 տուժածներից «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվողներից 4-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ 2-ինը` միջին ծանրության։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող 2 և «Հերացի» հիվանդանոցային համալիրում գտնվող 1 տուժածի վիճակը նույնպես գնահատվում է միջին ծանրության։ Դիլիջանի ԲԿ-ում ապաքինվող 4 տուժածի վիճակը բավարար է։ Մյուս 5 տուժածը բուժումը կշարունակի տնային պայմաններում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա