Ճերմակ թաշկինակ. Թուրքիայի վարչապետը լացում է ուղիղ եթերում (տեսանյութ)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստահաղորդման ժամանակ լաց է եղել ուղիղ եթերում: Նրան հուզել է «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարներից մեկի` հայտնի քաղաքական գործիչ Մոհամեդ Էլ-Բելթագիի հրաժեշտի նամակը` ուղղված իր 17-ամյա աղջկան` Էսմային, որը զոհվել էր Եգիպտոսում շարունակվող բախումների ժամանակ:
Փորձելով բացատրել իր հուզմունքի պատճառը` Էրդողանն ասել է, որ նամակը լսելիս իր երեխաներին է հիշել, գրում է «Վեստի.ռու»-ն:
«Նման ապրումներ ես էլ եմ ունեցել: Աշխատանքի պատճառով գիշերները ուշ էի տուն գալիս: Եվ բնականաբար, երեխաներս քնած էին լինում: Մի օր էլ եկա և տեսա, որ աղջիկս ննջարանիս դռան վրա մի գրություն էր թողել`«Գոնե մի երեկո էլ մեզ նվիրի»,- պատմել է Էրդողանը և ի վիճակի չի եղել շարունակել խոսքը, ինչի պատճառով էլ հեռուստահաղորդումն ընդհատվել է:
«Ermenihaber.am» լրատվական կայքը հիշեցնում է, որ 17-ամյա Էսման սպանվել էր Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի ազատ արձակման պահանջով նստացույցի ժամանակ: Աղջիկը մահացել է կրծքին ստացված հրազենային վնասվածքից: