Վ. Պուտին. Եվրամիությանը Ուկրաինայի ասոցացման դեպքում՝ Մաքսային միությունը պաշտպանական միջոցներ կձեռնարկի
Եթե Ուկրաինան Ասոցացման համաձայնագիր ստորագրի Եվրամիության հետ, ապա Մաքսային միությունը ստիպված կլինի պաշտպանական միջոցներ ձեռնարկել: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եթե մեր հարևանները գնան Եվրամիության հետ մաքսային ռեժիմի էական ազատականացման, ապա Ուկրաինայի շուկա անխուսափելիորեն կլցվեն բավական մեծ քանակի թե՛ որակով, թե՛ գնով ոչ վատ ապրանքներ, սակայն դա կհանգեցնի հենց ուկրաինական շուկայում տեղական արտադրության ապրանքների դուրս մղմանը: Այդ դեպքում՝ Մաքսային միության երկրները պետք է մտածեն պաշտպանական միջոցների մասին»,- ասել է Վ. Պուտինը:
ՌԴ նախագահը պարզաբանել է, որ եվրոպական ապրանքների ներհոսքի պարագայում դժվար կլինի հասկանալ ապրանքների ծագումը, ինչը ռուս արտադրողներին կարող է դնել «բավական բարդ իրավիճակի մեջ»:
«Ուկրաինան դեռ չի պատրաստվում անդամակցել Եվրամիությանը: Խոսքը որոշակի պայմաններով, ինչպես մեր փորձագետներն են կարծում, ուկրաինական տնտեսության համար բավական խիստ պայմաններով Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին է»,- նկատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Ուկրաինայի գործատուների դաշնությունը դիմել էր երկրի կառավարությանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը փաստացի արգելել է ուկրաինական ապրանքների արտահանումը ռուսական շուկա: Խնդրի վերաբերյալ ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ եթե Ուկրաինան ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա Ռուսաստանը կխստացնի Ուկրաինայի հետ սահմանի մաքսային վերահսկողությունը, և անգամ կարող է քննարկվել ԱՊՀ Ազատ առևտրի գոտուց Ուկրաինային հեռացնելու նպատակահարմարության հարցը:
ԶԼՄ-ները գրում են, որ այս քայլով Ռուսաստանը ստիպում է Ուկրաինային հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց և միանալ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միությանը:
Օգոստոսի 20-ին ՌԴ մաքսային ծառայությունը տեղեկացրել է ուկրաինական կողմին, որ վերսկսվում է ուկրաինական ապրանքների մաքսազերծման սովորական ռեժիմը, սակայն ուկրաինական կողմը արձանագրել է, որ ապրանքների նկատմաբ շարունակվում են կիրառվել մաքսային հսկողության լրացուցիչ ընթացակարգեր: