«Թուրան». Ադրբեջանի ընդդիմությունն այսօր ընտրելու է նախագահի պահեստային թեկնածու
Այսօր՝ ժամը 16.00-ին տեղի է ունենալու Ադրբեջանում Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նիստը: Նիստի օրակարգում լինելու է նախագահի հավելյալ թեկնածուի հստակեցման հարց, ինչպես նաև՝ քննարկվելու են կազմակերպչական հարցեր: Այս մասին հղում անելով ԺՈՒԱԽ-ի մամլո ծառայությանը, հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ նշվել էր, որ նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին: Սակայն երեկ՝ օգոստոսի 22-ին, ԺՈՒԱԽ-ի հանձնաժողովների ղեկավարների հանդիպման ժամանակ որոշվել է նիստն անցկացնել օգոստոսի 23-ին: Որոշման փոփոխությունը կապված է նոր թեկնածուին հաստատելու, ինչպես նաև նրա գրանցման համար ընտրողներից ստորագրություններ հավաքելու ժամանակի սղության հետ:
Աղբյուրը նշում է, որ եթե հիմնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը գրանցվի, ապա պահեստային թեկնածուն կհանի իր թեկնածությունը: Ամենայն հավանականությամբ, պահեստային թեկնածու է ընտրվելու Ադրբեջանի մտավորականության ֆորումի անդամ Ջամիլ Հասանլըն: