ԼՂՀ-ում թմրամիջոցների թրաֆիկինգի մասին բրոշյուրի ադրբեջանցի հեղինակները խոստովանել են, որ ապացույցներ չունեն
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում գործող Ադրբեջանի` Թմրամիջոցների դեմ քարոզչության ազգային գրասենյակը «Թմրամիջոցների թրաֆիկինգը Լեռնային Ղարաբաղում» անվամբ բրոշյուր է հրատարակել: Սակայն Turan ադրբեջանական ինֆորմացիոն գործակալությունը տեղեկացնում է, որ այնտեղ հրապարակված փաստերից և ոչ մեկը չունի հղում նախնական աղբյուրին:
«Ոչ պաշտոնական տվյալներին հղում կատարելով` հեղինակները գրում են, որ Լեռնային Ղարաբաղ-Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ-Իրան-Ադրբեջան-Եվրոպա և Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա ուղղություններով արտահանվող բարձրորակ թմրանյութերի արտադրությունը սպառվում է Եվրոպայի և Ռուսաստանի շուկաներում: Ընդ որում` հեղինակները որևէ հղում չեն տալիս այդ տեղեկատվության աղբյուրներին»,- գրում է գործակալությունը:
Ըստ Turan-ի` բրոշյուրում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը ժամանակին օգտագործվում էր որպես թմրամիջոցների համար տրանզիտ երկիր, իսկ այժմ «որոշ աղբյուրների համաձայն` հատուկ լաբորատորիաներում թմրանյութեր են աճեցվում և արտադրվում»:
Տվյալ փաստերը հաստատող տեղեկատվության և փաստաթղթերի մասին գործակալության հարցին «Թմրամիջոցների դեմ քարոզչության ազգային գրասենյակի» հասարակական միավորման ղեկավար Մազաիր Էֆենդիևն ասել է, որ «այդ փաստերը պետք է ստուգվեն»:
Հիշեցնենք, որ թմրամիջոցների տարածման վերահսկողության մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը Աֆղանստանից, Կենտրոնական Ասիայից և Իրանից դեպի Ռուսաստան և Եվրոպա փոխադրվող թմրամիջոցների համար տրանզիտ երկիր է հանդիսանում: Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանում մեծացել է թմրամոլների թիվը: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում տարածված է հերոինը, ինչպես նաև աճեցվում են թմրադեղային բույսեր:
2010թ. սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Աֆղանստանում անօրինական ճանապարհով արտադրվող թմրանյութերի 35%-ը փոխադրվում է Ադրբեջանի տարածքով:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Աֆղանստանից դեպի Եվրոպա փոխադրվող թմրանյութերի «Հյուսիսային բալկանյան ճանապարհն» անցնում է հենց Ադրբեջանով: Ադրբեջան-Թուրքիա-Իրան ճանապարհով թմրանյութերը տեղափոխվում են առանց որևէ խոչընդոտի: Երկրորդը` «Հին բալկանյան ճանապարհը», Իրանից անմիջապես Թուրքիա է անցնում: Այստեղ մաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում վայելում են Իրանի հյուսիսի ադրբեջանական և քրդական բնակչության օգնությունը: Կովկասի և Ադրբեջանի միջով անցնող երրորդ ճանապարհը սկսվում է Բաքվում` Թուրքմենշաբիի անվան թուրքմենական նավահանգստում, որտեղից թմրանյութերն ազատորեն տեղափոխվում են Ռուսաստան: Ավելին, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսիի հեռագրում, որը հրապարակել էր WikiLeaks կայքը, ասվում է, որ Ռուսաստանի թմրամաֆիան հիմնականում վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից: Ընդ որում` Հայաստանը` որպես թմրանյութերի փոխադրման տրանզիտ երկիր, չի նշվում: