Ռազմական ոստիկանության պետը սպանության փորձ կատարելու համար ժամանակին «նստե՞լ» է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը տարիներ առաջ սպանության փորձ կատարելու համար «նստել» է: Բանն այն է, որ մոտ երկու տարի առաջ, երբ ոստիկանության Արմավիրի մարզի վարչության պետը Տիգրան Եսայանն էր, իսկ Սամվել Ղուկասյանն աշխատում էր այդ վարչությունում, կրակոցներ էին հնչել Եսայանի տան ուղղությամբ: Ու այդ կրակոցների «հեղինակը», ըստ շրջանառվող լուրերի, եղել է հենց ներկայիս ՌՈ պետ Սամվել Ղուկասյանը:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Եսայանն ու նրա աշխատակից Սամվել Ղուկասյանը ժամանակին շատ լարված փոխհարաբերություններ են ունեցել: Թե, որն եղել նրանց գժտության պատճառը, թերթին չի հաջողվել պարզել: Նրանց տարաձայնությունները հասել են այն աստիճանի, որ Ս. Ղուկասյանն ինչ-որ մեկին ուղարկել է Տ. Եսայանի տուն՝ նրա հետ «հաշիվներ» մաքրելու: Ղուկասյանի «մարդը» մի քանի անգամ կրակ է Տ. Եսայանի տան ուղղությամբ ու փախել: Բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել: Սակայն որոշ ժամանակ հետո բացահայտվել է կատարվածը, ու Ս. Ղուկասյանը հայտնվել է «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում՝այսպես կոչված «ԿԳԲ-ի պադվալում»: Ինչ-որ ժամանակ հետո Ս. Ղուկասյանին հաջողվել է հայտնվել ազատության մեջ: Թե ինչ ճանապարհով, դա դեռ պարզ չէ:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել ՌՈ պետ Սամվել Ղուկասյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված է եղել: Իսկ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել, թե պատմությունը աղավաղված է. «Դրանք հստակորեն պարոն Ղուկասյանին վարկաբեկելու տեղեկություններ են և շահարկվում են հստակ նպատակով»: «Ժողովուրդ»-ի թղթակցին չի հաջողվել զրուցել Տիգրան Եսայանի հետ, քանի որ հեռախոսազանգերը մնացել են անպատասխան: