«Զվարթնոցում» կբացվի Աշոտ Ավագյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը
Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շրջանակում, օգոստոսի 31-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն’’ ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի Աշոտ Ավագյանի ստեղծագործությունների “Ժառանգության ժառանգորդը» խորագիրը կրող ցուցահանդեսը: «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Ա. Ավագյանի գեղանկարչական 10 աշխատանք կներկայացվի արվեստասերների դատին` «Աղոթք», «Անհայտացող հիշողություններ», «Երկրպագություն», «Մտասևեռում» և այլն:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ելակետ ընդունելով տարածքի մշակութային տարբեր շրջանների ժառանգությունը` ժայռապատկերներից մինչև միջնադարյան պատկերագրություն, արվեստագետն իր ստեղծագործություններում կառուցողական մտածողությամբ մշտապես աշխարհընկալման նոր եզրեր է որոնում, որն արտահայտվում է նեոլիթյան ծիսակարգի գեղանկարչական և փերֆորմանսային (վերջին շրջանում նաև լուսանկարչային) դրսևորումներով` ժամանակակից արվեստի յուրօրինակ տեխնոլոգիաների կիրառմամբ։
Աշոտ Ավագյանը նախորդ տարիներին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում: Իր ստեղծագործությունները հնարավորություն է ունեցել ներկայացնելու արտասահմանյան մի շարք երկրներում` Շվեյցարիայում, Սիրիայում, Կանադայում, Իտալիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմակերպված խմբային ցուցահանդեսներում: Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան