
Հնարավոր է, որ ոռոգման շրջանում Սևանից նախատեսվածից ավելի ջուր վերցվի
Թեև գյուղատնտեսական տարին բավականին հաջող է, և սպասվում է բավականին առատ բերք, սակայն հատկապես Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի մատակարարման առումով որոշակի լարվածություն է առկա: Ոռոգման շրջանի ընթացքին, ոռոգման համակարգի վիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտնել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Այս տարի Սևանա լճից ոռոգման նպատակով վերցվել է միայն օրենքով սահմանված ծավալը` 170 մլն խմ, որից արդեն սպառվել է 152 մլն խմ-ն, և որպեսզի գյուղացիական տնտեսություններին հնարավոր լինի անհրաժեշտ ջրաքանակով ապահովել, նա հատկապես Արարատյան դաշտավայրի ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորել է առավելագույնս խնայողաբար օգտագործել դեռևս չսպառված չափաքանակներն ու հնարավորինս արդյունավետ կազմակերպել ոռոգումը:
Սևանա լճից նվազագույն ջրաքանակ վերցնելու պատճառով այս տարի ոռոգման անխափանությունն ապահովելու համար գործի են դրվել պոմպակայանները: Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, «Սևան –Հրազդանյան ջրառ» ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ միայն «Մխչյան» և «Ռանչպար» պոմպակայանների միջոցով արդեն մատակարարվել է 25 մլն խմ լրացուցիչ ջուր, սպառվել է շուրջ 550 մլն դրամի էլեկտրաէներգիա:
Փոխվարչապետը նշեց, որ գյուղացիական տնտեսությունների պահանջարկն ապահովելու և անխափան ոռոգում իրականացնելու նպատակով շահագրգիռ մարմինների հետ քննարկվում է Սևանա լճից վերցվող` օրենքով սահմանված 170 մլն խմ ծավալը հետագայում որոշակի չափով ավելացնելու հարցը:
Ինչ վերաբերում է ջրամաբարաշինության ծրագրերին, ապա ըստ աղբյուրի, արդեն հստակ պայմանավորվածություններ կան Կապսի և Վեդիի ջրամբարների կառուցման վերաբերյալ: Ակնկալվում է, որ նախագծող ընկերությունները մեկ տարվա ընթացքում կպատրաստեն անհրաժեշտ նախագծերը, և մոտ մեկ տարի անց երկու ջրամբարների համար էլ շինարարական աշխատանքների մրցույթներ կհայտարարվեն: Կապսի կառուցման ծրագիրը ֆինանսավորվելու է Գերմանական զարգացման բանկի, Վեդիինը` Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:
Երրորդ` Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը հավանության է արժանացել Քուվեյթի զարգացման հիմնադրամի կողմից, և առաջիկայում սպասվում է քուվեյթցի մասնագետների այցը, որից հետո վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Քննարկումներ են տեղի ունենում Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագրի շուրջ:
«Եթե ամեն ինչ հաջող ընթանա, առաջիկա տարիներին կկարողանանք 4 խոշոր ջրամբար շահագործել, ինչն էապես կբարելավի ոռոգման հետ կապված իրավիճակը»,-նշել է փոխվարչապետը: