Փորձագետ. Ադրբեջանում զինվորին օգտագործում են որպես ամենաէժան աշխատանքային ուժ
Նավթից ստացվող եկամուտների զգալի աճը մի շարք ոլորտներում, այդ թվում նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում, պայմաններ է ստեղծում հասարակական բարեկեցությունը բարելավելու համար: Սակայն վերջին 5 տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանության կողմից զինվորականների համար հասարակական պայմանների բարելավումը չափազանց դանդաղ է ընթանում, և արդյունքում Ադրբեջանի զինվորականներն այժմ պարտավոր են ծառայել այնպիսի դաշտում, որտեղ օրենքներ չեն գործում, բնակարանային պայմանները խղճուկ են, իսկ աշխատավարձերը՝ ոչ ադեկվատ: Այս մասին գրված է Zerkalo ադրբեջանական թերթի հոդվածում:
Հեղինակը նաև նշում է, որ Ադրբեջանում զինվորականները բախվում են ծառայության լրացուցիչ ժամերի վարձատրման խնդրին: Կա նաև տեղեկատվություն, ըստ որ զինվորականներին ստիպում են աշխատել այնպիսի վայրերում, որոնք ընդհանրապես որևէ կապ չունեն զինվորական ծառայության հետ:
«Doctrine» լրագրողների ռազմական հետաքննությունների կենտրոնի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում տարածված է զինվորականներին ստիպողաբար արտաժամյա, ինչպես նաև հանգստյան օրեր ընդգրկող աշխատանքներում ներգրավելը և դրա համար չվարձատրելը: Միևնույն ժամանակ, առաջին գծում ծառայող զինվորականներն օրական աշխատավարձ են ստանում ոչ թե 24 ժամվա, այլ 16 ժամվա համար, այսինքն՝ եռակի աշխատավարձի փոխարեն նրանք ստանում են կրկնակի, չնայած որ այդ կետը սահմանված է 2005թ. փոփոխված օրենքով:
«Ավելին, 1998-2005թթ. առաջին գծում ծառայած զինվորականները պաշտպանության նախարարի հրահանգով կրկնակի աշխատավարձ են ստանում, թեև հին օրենսդրության համաձայն նրանք պետք է եռակի աշխատավարձ ստանան, և այդ խնդիրը մինչ այժմ էլ լուծված չէ», - ասվում է նյութում:
«Doctrine»-ը նաև հայտնում է, որ Ադրբեջանում ծառայության ընթացքում թույլատրելի արձակուրդը հաճախ չի տրամադրվում զինվորականներին, կամ կրճատվում է ժամկետը, իսկ չօգտագործված արձակուրդային օրերի համար զինվորականները չեն վճարվում: Ծառայության ընթացքում զինվորականներին ամբողջությամբ չեն ապահովում հագուստով, և այդ միջոցների վճարման ժամանակ հաճախ խնդիրներ են առաջանում: Թոշակի անցնելուց առաջ մի շարք սպաների կոչումներն իջեցվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ստորագրված հրահանգով:
Ինչպես նշվում է նյութում, վերջին 10 տարում ստացված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանում զինակոչիկներին և ընդգրված զինծառայողներին, սպաներին և ենթասպաներին ծառայության ընթացքում ներգրավում են իրենց պարտականություններից դուրս գտնվող աշխատանքներում: Զինվորներին մասնավորապես ընդգրկում են տարբեր շինարարական տարածքների մաքրման աշխատանքներում:
Յաշարա Ջաֆարլիի կարծիքով, Ադրբեջանի բանակը կառուցված է սովետական օրինակով, այդ պատճառով էլ զինվորներին շարունակում են օգտագործել որպես ամենաէժան աշխատանքային ուժ: Նա ընդգծում է՝ բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ զինվորներին օգտագործում են ոչ ռազմական մասով կենցաղային աշխատանքներում:
«Միևնույն ժամանակ զինվորականներին (և հիմնականում շարքայիններին) որոշ դեպքերում ներգրավում են ռազմական մասով շինարարական աշխատանքներում, և դա շահավետ է, քանի որ ղեկավարությունն այլևս պարտավոր չէ շինարարության համար վերահսկողների և աշխատողների վարձել: Այդ դեպքում հարց է առաջանում այն մասին, թե ինչպես են սահմանվում և ուր են գնում այդ շինարարական աշխատանքների համար հատկացված միջոցները»,- գրված է նյութում: