Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Բաղդադի սրճարանում. Զոհվել է 25 մարդ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, վիրավորել՝ հիսունը:
BBC-ն հայտնում է, որ մթնշաղից հետո մահապարտը իրեն պայթեցրել է Քահիրա այգում, որը հիմնականում մարդաշատ է, և այնտեղ կան մեծ թվով ռեստորաններ ու սրճարաններ: Տուժածներին տեղափոխել են Բաղդադի տարբեր հիվանդանոցներ: Զոհերի թվում շատ են երեխաները:
Ուրբաթօրյա բռնությունը սկսվել է այն բանից հետո, երբ զինված անձինք ներխուժել են շիա քարոզիչի տուն՝ սպանելով նրան, կնոջը և ծեր մորը: Դրանից հետո երեք մարդ է զոհվել, երբ ռումբեր են պայթել Բաղդադի երկու սունիական մզկիթում:
Նշենք, որ վերջին շրջանում Իրաքում կտրուկ սրվել են սունի-շիա հակասությունները և շատացել են ահաբեկչությունները:
Տարեսկզբից մինչ այժմ Իրաքում տեղի ունեցած պայթյունները խլել են 4000 մարդու կյանք, իսկ միայն հուլիսի ամսին սպանվել է 810 մարդ: Իրաքում կրոնական հողի վրա բռնություններն ուժեղացել են հարևան Սիրիայում շարունակվող պատերազմի ֆոնին: