ԶԼՄ-ներ. Սիրիայում իրանցի վավերագրական ֆիլմ նկարողներ են սպանվել
Այս շաբաթվա մեջ Սիրիայում սպանվել են Իրանից ժամանած երկու վավերագրական ֆիլմ նկարողներ:
«Ռոսբալտ» լրատվական կայքի փոխանցմամբ` չորեքշաբթի օրը Դամասկոսի շրջակայքում սպանվել է ռեժիսոր Իսմայիլ Խիդրին, որից երկու օր առաջ էլ սպանվել էր նրա կոլեգան` Խադի Բահբանին:
Նրանք երկուսն էլ Իրանի պետական հեռուստաալիքի պատվերով զբաղվում էին Սիրիայի ծայրահեղական շարժումների մասին փաստավավերագրական ֆիլմի նկարահանմամբ, - հաղորդում է «Al Arabiya»-ն: Նկարահանող խումբը շարժվել է սիրիական զորքերի հետ և ենթարկվել է զինյալների հարձակմանը:
Իրանի ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրությունների համաձայն` սպանության պատասխանատուն «ուլտրապահպանողական սալաֆիտական խմբերն են»: Իր հերթին, Իսլամական հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ հանցագործությանը մասնակից են նաև սիրիական իսլամիստներին զենք մատակարարող երկրները:
Սիրիայում ընթացող հակամարտության երկու տարիների ընթացքում այդ իրադարձությունների վերաբերյալ իրանական կինոռեժիսորները 20 ֆիլմ են նկարահանել: