Սիրիական ճգնաժամ. Ո՞վ է կիրառել քիմիական զենք
Սիրիայում վերջին օրերին լարված իրավիճակ է ստեղծվել: Պատճառը Դամասկոսի արևելյան Ղուտա շրջանում քիմիական զենքի հավանական կիրառումն է, որին, ըստ Սիրիայի ընդդիմության, զոհ է գնացել մոտ 1300 մարդ: Հայտնի չէ, թե ով է կանգնած դրա հետևում՝ կառավարական զորքերը, թե ընդդիմությունը, քանի որ հնչում են փոխադարձ մեղադրանքներ և հետաքննություն չի կատարվել: Միջազգային հանրությունը խիստ դատապարտեց կատարվածը, սակայն ինչպես Սիրիայի հետ կապված բոլոր հարցերում, այնպես էլ այստեղ, տարաձայնություն սկսվեին պաշտոնական Դամասկոսին աջակցող և հակակառորդ երկրների միջև:
Այսպես, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան կատարվածի մեջ մեղադրեցին Սիրիայի իշխանություններին, մինչդեռ Բաշար Ասադի դաշնակիցներ Ռուաստանը, Չինաստանը, Իրանը հայտարարեցին, որ քիմիական զենք կիրառել է ընդդիմությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը «շատ մտահոգիչ իրադարձություն է»: ԱՄՆ-ն այժմ տեղեկություններ է հավաքում՝ պարզելու, թե ինչ տեսակի քիմիական զենք է կիրառվել: Միջադեպի հետ կապված հեռախոսազրույց են ունեցել նաև ԱՄՆ պատքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որի ընթացքում կողմերը շեշտել են ՄԱԿ փորձագետների կողմից օբյեկտիվ ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանը վստահ է, որ գազային հարձակումն իրականացրել են ապստամբները, այն քարոզչության մի մաս է՝ ուղղված Ասադին վարկաբեկելուն, իսկ ինտերներտում հայտնված տեղեկությունները շրջանառվել են դեռևս հարձակումից մի քանի ժամ առաջ: Մոսկվան նաև ապստամբներին մեղադրել է նրանում, որ վերջիններս թույլ չեն տալիս ՄԱԿ փորձագետներին մուտք գործել դեպքի վայր:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը կատարվածի մեջ մեղադրել է Սիրիայի կառավարությանը: Նրա խոսքով, ընդդիմության կողմից քիմիական զենք կիրառման հավանականությունը շատ քիչ է, այդ պատճառով վստահ են, որ դրա հետևում կանգնած է Բաշար Ասադի վարչակարգը:
Իտալիայի կառավարությունը գտնում է, որ կատարվածը չի բխում Սիրիայի իշխանությունների շահերից, իսկ վերջնական եզրակացություն կարելի է անել իրավիճակի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորիան Ֆաբիուսը շատ կոշտ է արձագանքել քիմիական հարձակամն մասին լուրին՝ հայտարարելով, որ եթե միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկի, ապա Ֆրանսիան հնարավոր է համարում «ուժային պատասխանը» Սիրիային:
Չինաստանն իր հայտարարության մեջ նշում է, որ դեմ է քիմիական զենքի կիրառմանը, և ՄԱԿ-ին կոչ է արել «խորհրդակցել Սիրիայի կառավարության հետ ու պահպանել օբյեկտիվ, անաչառ եւ մասնագիտական դիրքորոշում՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել»:
Դամասկոսում քիմիական զենքի հավանական կիրառման վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել նաև Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլին ու Մուհամեդ Ջավադ Զարիֆը: Թուրքիան գտնում է, որ Դամասկոսում քիմիական զենք են կիրառել իշխանությունները և կոչ են արել ՄԱԿ փորձագետներին անհապաղ հետաքննություն անցկացնել, իսկ Իրանը կատարվածի մեջ մեղադրում է «ահաբեկիչներին» և բառացում, որ այն կարող է կառավարական զորքերի ձեռքի գործը լինել՝ հաշվի առնելով, որ Սիրիայում են գտնվում ՄԱԿ քիմիական զենքի գծով փորձագետները:
Սիրիայի կառավարությունը հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները, և հայտարարում, որ կատարվածի հետևում կանգնած են ապստամբները: Ըստ Սիրիայի հատուկ ծառայությունների՝ իշխանությունները նման կերպ «քաղաքական ինքնասպանություն կգործեին»:
Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիան իր հերթին մեղադրում է իշխանություններին և կոչ է անում ՄԱԿ փորձագետներին անմիջապես մուտք գործել դեպքի վայր: Իսկ նախօրեին հայտարարել էին, որ իրենց հաջողվել է ստանալ և երկրից դուրս բերել կենսաբանական նմուշներ, որոնք վկայում են քիմիական հարձակման մասին:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցներն ու միավորումներն, ապա ՄԱԿ-ը և ԵՄ-ն դեռ չեզոքություն են պահպանում:
ՄԱԿ գլխավոր քատուղար Բան Կի Մունը դատապարտել է կատարվածը և Դամասկոսին պաշտոնական հարցում է ուղարկել՝ պահանջելով կազմակերպության փորձագետներին անհապաղ թույլ տալ հետաքննություն անցկացնել Դամասկոսում՝ քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ տեղեկություններ իմանալու համար: Իսկ ԵՄ-ն չի շտապել մեղավորներին մատնանշել՝ հայտարարելով, որ պետք է անհապաղ ու մանրամասն հետաքննություն անցկացվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները