Քըլըչդարօղլուն` Էրդողանին. «Պատվախնդիր մարդն իր երկրի խնդիրների լուծումն է գտնում, ոչ թե լացում»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ, «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, Աֆիոնկարահիսար նահանգում հանդիպում է ունեցել համերկրացիների հետ, որի ժամանակ անդրադարձել է ներքաղաքական ու արտաքին քաղաքական մի շարք հարցերի:
«Ermenihaber.am» լրատվական կայքը հայտնում է, որ ընդդիմադիր կուսակցապետը ուղիղ եթերով թողարկվող հաղորդման ժամանակ լաց լինելու համար քննադատել է Թուքրիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նշենք, որ Էրդողանի հուզմունքի ու արցունքների պատճառը Եգիպտոսի քաղաքացիական խռովությունների ժամանակ սպանված 17-ամյա մի աղջկա անժամանակ մահն էր:
«Մենք էկրան դուրս չենք գալիս լացելու: Այդպես դու ես էկրանններին երևում ու արտասվում անճար ու անզորի պես: Պատվախնդիր մարդը սովորաբար իր երկրի խնդիրների լուծումն է գտնում, ոչ թե լացում: Թե չէ անելանելության կետին հասնելուց և աշխարհից մեկուսացած դրության մեջ ընկնելուց հետո հեռուստաէկրան դուրս գալը և լաց լինելը վայել չէ Թուրքիայի Հանրապետության վարչապետին»,- ասել է Քըլըչդարօղլուն:
Վերջինս նաև դժգոհել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ներկա դրությունից ու արդյունքներից: Նշելով, որ Անկարան կորցրել է իր հարևան երկրների մեջ եղած իր բարեկամներին` Իրանին, Իրաքին, Սիրիային: