Իրանում պոռնոկայքեր ստեղծողի մահապատիժը փոխարինել են ցմահ բանտարկությամբ
Իրանում տղամարդուն պոռնոկայքերի ստեղծման ու տարածման համար դատապարտել են ցմահ բանտարկության:
«Ռոսբալտ» լրատվական կայքը փոխանցում է, որ օրինախախտը ձերբակալվել էր 2008 թվականին՝ Կանադայից ժամանելիս, ինչից հետո պետական հեռուստատեսության եթերում խոստովանել էր, որ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ մի քանի ռեսուրս է ստեղծել:
Ավելի վաղ նա դատապարտվել էր մահապատժի, բայց որոշվել էր մեղմել դատավճիռը:
Իրանի գերագույն դատարանը 36-ամյա ծրագրավորողին դեռևս 2010 թվականի դեկտեմբերին «մեծահասակների համար կայքերի ստեղծման ու աջակցման», «հակակառավարական ելույթների», ինչպես նաև՝ այն բանի համար, որ իր գործողություններով «ոտնահարել է իսլամի պատիվը», դատապարտել էր խստագույն պատժի:
Կանադայի քաղաքացի Մալիքպուրի դատապաշտպանը հավաստիացնում է, որ նա մեղավոր չէ այն բաներում, ինչում նրան մեղադրում են: Դատապաշտպանների խոսքով՝ ծրագրավորողը ծրագիր է ստեղծել համացանցում նկարներ հրապարակելու համար, որն արդյունքում՝ առանց նրա իմացության, օգտագործել են պոռնոկայքերի սեփականատերերը: