ՎիվաՍել-ՄՏՍ . Կորպորատիվ պատասխանատվությունը պետք է հայեցակարգից վերածվի ապրելաոճի
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ Ծաղկաձորում ուսուցիչների վերապատրաստման դասընթացին հանդես է եկել որպես հրավիրյալ դասախոս՝ լսարանին ներկայացնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարը և դրա հիմնական նպատակները:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, դասընթացը նախաձեռնել էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի շրջանակում:
Հանդիպման ընթացքում պարոն Յիրիկյանը ուսուցիչներին ծանոթացրել է ընկերության կորպորատիվ պատասխանատվության ռազմավարությանը, ընկերության կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերին՝ միաժամանակ անդրադառնալով ժամանակակից գործարար ոլորտի և կորպորատիվ պատասխանատվության միջև կապի ապահովման անհրաժեշտությանը:
«Կորպորատիվ պատասխանատվությունն առնչվում է կյանքի բազմաթիվ կողմերին և արժեքներին` էթիկային, պատասխանատվությանը, հարգանքին, շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությանը, որոնք էլ ցանկացած քաղաքակիրթ հասարակության հիմքն են: Տարածելով կորպորատիվ պատասխանատվության գաղափարը երիտասարդների շրջանում, մենք պետք է հասնենք նրան, որ ապագա սերունդների կողմից կորպորատիվ պատասխանատվությունն ընկալվի ոչ թե որպես զուտ հայեցակարգ, այլ դառնա ապրելակերպ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի նպատակն է երիտասարդ սերնդին ապահովել կայուն և հարուստ տնտեսագիտական գիտելիքով, նպաստել նրանց ձեռնարկատիրական հմտությունների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ծանոթացնել Հայաստանում արդեն ձևավորված նոր գործարար մշակույթի` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական սկզբունքներին և ռազմավարությանը:
Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում գործարարության պրակտիկ ուսուցմանը` աշակերտների ջանքերով մինիընկերություններ հիմնելու և դրանք գործարկելու միջոցով: Այդ աշակերտական գործարար ընկերությունների նպատակը փոքր մասշտաբով իսկական տնտեսական գործունեություն ծավալելն է և իրական բիզնես ընկերության գործունեությունն ընդօրինակելը: Իսկ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրականացում` աշակերտներն իրենց վաստակած գործարար շահույթի մի մասը հատկացնում են հանրային ծրագրերի նախաձեռնմանը: Ծրագրի շնորիվ աշակերտները վարժվում են թիմային աշխատանքներին, դառնում են առավել ինքնավստահ և ունակ հոգ տանելու իրենց համայնքների բարեկեցության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան