Դավիթ Հարությունյանը խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին խոսակցությունները վաղաժամ է համարում
«Կառավարման համակարգի ներկայիս` կիսանախագահական ձևը վերացնելու և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցադրում այսօր չկա»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով 2014 թ. սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին տեղեկությունները: «Կա քննարկում, թե որքանով է այսօրվա համակարգը համապատասխանում արդի պահանջներին, և միայն քննարկման արդյունքում ես կկարողանամ արտահայտել իմ կարծիքը: Այս պահի դրությամբ դեռևս վաղաժամ է խոսել»,-նշել է Դավիթ Հարությունյանը:
Ի պատասխան թղթակցի հարցին, թե ընդհանրապես կա՞ նման սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, Դավիթ Հարությունյանը պատասխանել է,- «Կարծում եմ, որ այո՛, կա»: «Կարծում եմ` (ոչ միայն ժողովրդավարության զարգացման ,-խմբ) նաև մարդու իրավունքների պաշտպանության ավելի կատարելագործված մեխանիզմներ ստեղծելու առումով և ավելի արդյունավետ կառավարման ձևի հետ կապված` անհրաժեշտ են քննարկումներ, որպեսզի տեսնենք` որքանով է այսօրվա կառավարման ձևն արտահայտում արդի մարտահրավերներին դիմակայելու պատշաճ մակարդակը»,- ասել է Դավիթ Հարությունյանը: