Հայաստանում կա շուրջ 3 500 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ժան-Էլի Մալկինին, հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Ողջունելով հյուրին, Դերենիկ Դումանյանը բարձր է գնահատել գրասենյակի ջանքերը Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ։ Նա միաժամանակ նշել է, որ թեև արդյունքներն ակնհայտ են, սակայն դեռևս շատ անելիքներ կան։
Ժան-Էլի Մալկինը ևս ընդգծել է Հայաստանի ձեռքբերումները ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ին հակազդման գործում` առանձնացնելով հատկապես այն, որ իրականացված միջոցառումների շնորհիվ 2007-ից ի վեր վարակակիր մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման որևէ դեպք չի արձանագրվել, իսկ 2001-ից ի վեր չի եղել դոնորական արյան միջոցով փոխանցման ոչ մի դեպք: Նրա կարծիքով, տարածաշրջանում շահեկան դիրք ունենալուն նպաստում է նաև այն հանգամանքը, որ կանխարգելիչ աշխատանքները հավասարապես կիրառվում են ինչպես Երևանում, այնպես էլ` մարզերում։
Ներկայացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր ռազմավարությունը, ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նշել է, որ ծրագրի նոր փուլ է սկսվել, ինչը ենթադրում է բուժման առաջնահերթությունն ամբողջ աշխարհում։ Այն դիտարկվում է ոչ միայն անհատի առողջացման, այլև հիվանդության հետագա տարածման կանխարգելման արդյունավետ միջոց։ Ժան-Էլի Մալկինը նշել է, որ այս առումով դեռևս լուրջ անելիքներ կան նաև Հայաստանում։
Իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ հաշվարկային տվյալներով Հայաստանում կա շուրջ 3 500 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ։ Հիմնական խոցելի խումբը ներկայումս աշխատանքային միգրանտներն են` կազմելով 2012թ. գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքերի 60 տոկոսից ավելին։
Ժան-Էլի Մալկինը հիշեցրել է, որ 2012-ի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության հետ կնքված հուշագրի արդյունքում ՄԱԿ-ի Միացյալ ծրագիրը Հայաստանում իրականացնում է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ և հարակից վարակների (սեռավարակներ, հեպատիտներ) հակազդման 2013-2015թթ. ծրագիրը: Այն նախատեսվում է իրականացնել տարածաշրջանի չորս երկրներում` Հայաստանում, Կիրգիզիայում, Տաջիկստանում և Ուզբեկստանում: Բացի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրերի իրականացմանն աջակցելուց ծրագրի հիմնական բաղադրիչներն են ՄԻԱՎ և հարակից վարակների համաճարակաբանական հսկողության համակարգի ամրապնդումը կանանց և երեխաների, միգրանտների, ինչպես նաև բնակչության խոցելի այլ խմբերում:
Տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նախարարին նաև ներկայացրել է, որ դեռ մեկ տարի առաջ, գնահատելով ծրագրի աշխատանքները, ՄԱԿ-ում որոշում է կայացվել կովկասյան երեք հանրապետությունում փակել ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տեղական գրասենյակները։ Իսկ դա ենթադրում է տարածաշրջանային գրասենյակի ուղղակի համագործակցություն ազգային կառավարությունների հետ։ Նախարար Դումանյանը վստահեցրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կշարունակի ակտիվորեն աշխատել կարևոր այդ ծրագրի իրականացման ուղղությամբ։ Ծրագիրն այժմ ամբողջությամբ ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Գլոբալ հիմնադրամի կողմից։ 2015-ից ֆինանսական այդ աջակցությունը կավարտվի, և ծրագրի շարունակականությունն ապահովելու համար հարկ կլինի մի կողմից ՀՀ կառավարության կողմից ավելացնել բյուջետային հատկացումները, մյուս կողմից` նոր դոնորներ ներգրավել։
Այնուհետև քննարկվել են ՄԱԿ-ի նոր ռազմավարական ծրագրի իրականացման ուղղությամբ մի շարք մանրամասներ։ Նախարարը տեղեկացրել է, որ առողջապահական խնդիրները գտնվում են Հայաստանի Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում, և այժմ լուրջ բարեփոխումներ են սկսվում բժշկական օգնության որակի բարելավման, ֆինանսական, կառուցվածքային, կադրերի պատրաստման և այլ ուղղություններով։
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրենը աջակցության իր պատրաստակամությունն է հայտնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա