«Անհրաժեշտ է ավելի խորացնել Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցությունը». Վահրամ Ավանեսյան
Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, սակայն անհրաժեշտ է էլ ավելի ընդլայնել և խորացնել համագործակցությունը ինչպես տնտեսական, այնպես էլ մնացած ոլորտներում: Այսօր Երևանում մեկնարկած տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի բացմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
«Հայաստանն ու Բելառուսը միշտ լավ հարաբերություններ են ունեցել և վստահ եմ, որ դրանք գնալով էլ ավելի կխորանան»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը հնարավորության կտա համագործակցության նոր ուղիներ գտնել:
Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորեց համագործակցության հետագա ընդլայնումը բոլոր ոլորտներում: «Կարծում եմ, որ այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշումները երկու երկրների միջև համագործակցության համար նոր հիմքեր կստեղծեն»,- ասաց Մ. Ամելյանովիչը:
Նշենք, որ նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ամփոփեցին նախորդ նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները, քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման, լիզինգնգով բելառուսական տեխնիկայի մատակարարման խնդիրները, ինչպես նաև գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ոսկեգործության, առողջապահության, գիտության և կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստանի և Բելառուսի միջև միջմարզային կապերի խորացմանն առնչվող բազմաբնույթ հարցեր:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահներ Վահրամ Ավանեսյանը և Միխայիլ Ամելյանովիչը ստորագրեցին համապատասխան արձանագրություն, որում կամրագրվեն նիստի ընթացքում ընդունված որոշումները:
Նշենք նաև, որ 2013թ. մարտի դրությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում Բելառուսի Հանրապետությունից կատարվել են 197.0 հազ. ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրումներ, որոնցից 197.0 հազարն ուղղակի ներդրումներ են: ՀՀ-ում գրանցված է բելառուսական կապիտալի մասնակցությամբ 10 ձեռնարկություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները