Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խոցելի խումբը մնում են աշխատանքային միգրանտները. Ժան-Էլի Մալկին
Հայաստանում գրանցված է ՄԻԱՎ վարակի 1500 դեպք, սակայն իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ հաշվարկային տվյալներով Հայաստանում կա շուրջ 3 500 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ։ Հիմնական խոցելի խումբը ներկայումս աշխատանքային միգրանտներն են` կազմելով 2012թ. գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքերի 60 տոկոսից ավելին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ժան-Էլի Մալկինը։
Նրա խոսքերով` Հայաստանում այժմ հակառետրովիրուսային բուժում է ստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ 400 մարդ: «Թեև Հայաստանում իրավիճակը կայուն է, սակայն ՄԻԱՎ-ի դեմ որոշակի միջոցառումներ չիրականացնելու դեպքում չի բացառվում, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների թվի աճ նկատվի»,- ասաց Ժան-Էլի Մալկինը:
Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հակազդման գործում մեծ հաջողություններ ունի. վերջին տարիներին Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածման դեմ լուրջ աշխատանքերն են տարվել, մասնավորապես` իրականացված միջոցառումների շնորհիվ 2007թ.-ից ի վեր ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում ստացած հղիներից ծնված երեխաների շրջանում մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման որևէ դեպք չի արձանագրվել:
Ներկայացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր ռազմավարությունը, Ժան-Էլի Մալկինը նշեց, որ ծրագրի նոր փուլ է սկսվել, ինչը ենթադրում է բուժման առաջնահերթությունն ամբողջ աշխարհում։ Այն դիտարկվում է ոչ միայն անհատի առողջացման, այլև հիվանդության հետագա տարածման կանխարգելման արդյունավետ միջոց։ Ժան-Էլի Մալկինը նշեց, որ այս առումով դեռևս լուրջ անելիքներ կան նաև Հայաստանում։ « Եթե մենք ուզում ենք վերահսկել համաճարակը, ապա կառավարությունը պետք է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման համար ավելի շատ գումար տրամադրի»,- ասաց նա:
Նրա խոսքերով` մարզերում պետք է իրազեկման աշխատանքներ իրականացնել, մասնավորապես, պետք է կազմակերպել տեղեկատվական-կրթական սեմինարներ, որոնք կբարձրացնեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը և կկանխարգելեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը բնակչության միգրանտների խմբում:
Տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիների համար ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունները, ՄԻԱՎ վարակի ախտորոշումը և բուժումը անվճար կատարվում է պետական ֆինանսավորման և հիմնականում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիաի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի աջակցության հաշվին: