Քաղտեխնոլոգ. Գլենդելում հանգստանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնում, ինչ-որ հայտարարություններ է անում
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում անցյալ շաբաթ ոչ իշխանական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին կոչ արեց առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում համախմբվել` կերտելու ուժը, որ սեպտեմբերին երկրում փոփոխություններ իրականացնի, վստահեցրեց, որ իշխանությունները «այս տարին չեն հանելու»:
«Առավոտ»-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն պատասխանելով հարցին` աշու՞նը կարող է թեժանալ, նշել է. «Շատ հետաքրքիր է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ո՞ւմ է կոչ անում միավորվել… Օրինակ` միավորվել ոստիկանության հետ, գնալ աղոթե՞լ… կամ` միավորվել ինչի՞ համար, միավորվեն «որ ի՞նչ անեն…»: Այսօր Ր.Հովհաննիսյանից դա լսելը ինձ համար շատ տարօրինակ է: Որովհետև ինձ մոտ տպավորություն է, որ Ր. Հովհաննիսյանը մեկ անգամ ձմեռը, մեկ անգամ ամառը գնում է Գլենդելում հանգստանում, հետո վերադառնում է, այստեղ ինչ-որ հայտարարություններ է անում: Ր. Հովհաննիսյանը, եթե անող էր, կարող էր անել: Չարեց: Այնպես, որ Ր. Հովհաննիսյանի ասածները բացարձակապես հիմք չեն: Համաձայն եմ, որ ինչ-որ առումով թեժ է լինելու աշունը, բայց դա գոնե ներքաղաքական պրոցեսների հետ կապ չունի»: