Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում ցուցադրվելու է արխիվում պահվող նոտաների անվանաէջերի և ազդագրերի լավագուն նմուշները
Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում «Եվրապական ժառանգության օրերի» շրջանակում (օգոստոսի 31-սեպտեմբերի 1) կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված են թանգարանի արխիվում պահվող նոտաների անվանաէջերի և ազդագրերի լավագուն նմուշները: Դրանցից շատերը հրատարակված են համաշխարհային տպագրական մշակույթի մեջ մեծ դեր ունեցող հրատարակչատների կողմից` ներկայացնելով 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի տպագրական մշակույթի գեղագիտական արժեքները: Առանձնանում են Մ. Բելյաևի (Լայպցիգ), Պ. Յուրգենսոնի (Մոսկվա), Վ. Բեսսելի (Մոսկվա - Ս.Պետերբուրգ), Ա. Գուտխեյլի (Մոսկվա) և Մ. Բեռնարդի (Ս. Պետերբուրգ) երաժշտական հրատարակչատները: Դրանցից մի քանիսը շարունակում են իրենց գործունեությունը մինչ օրս: Այս տպագրատներում հրատարակվել են հռչակավոր կոմպոզիտորներ Բախի, Բեթհովենի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Գլինկայի, Գլազունովի, Սպենդիարյանի և այլոց գործերը:
Ցուցադրության գաղափարի և ձևավորման հեղինակն է երիտասարդ նկարիչ-դիզայներ Լիլիթ Արշակյանը:
Ցուցադրության մուտքն ազատ է: