Իրանի հոգևոր առաջնորդ. Տարածաշրջանը նման է վառոդի պահեստի, որի ապագան հնարավոր չէ կանխատեսել
«Տարածաշրջանը նման է վառոդի պահեստի, որի ապագան հնարավոր չէ կանխատեսել»-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր ԻԻՀ նորընտիր նախագահի և կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդը, նշել է, որ Միացյալ Նահանգների միջամտությունը տարածաշրջանային զարգացումներին աղետալի հետևանքներ կունենա:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակին նշել է. «Սիրիայի վրա ԱՄՆ-ի հավանական ռազմական հարձակման հետևանքները չափազանց ծանր ու վտանգավոր են լինելու. դա տարածաշրջանում ծայրահեղականության տարածման պատճառ է դառնալու: Մենք դատապարտում ենք Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, անկախ այն բանից, թե ո՞վ է այն օգտագործել»:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Սեյյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Մեր տարածաշրջանը շատ զգայուն է, այն առավել քան երբևէ կայունության կարիք ունի: Սիրիայի վրա ռազմական հարձակման դեպքում պատերազմի մեջ կներքաշվի ողջ տարածաշրջանը. Ռազմական հարձակումը շատ վտանգավոր է, այն աղետալի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար»:
Նախորդող հրապարակում՝
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Բաշար ալ-Ասադի՝ գաղտնի Թեհրան մեկնելու մասին տեղեկատվությունը