Մահացել է ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը. «Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»
Երեկ Ֆրանսիայում 93 տարեկան հասականում մահացել է ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան):
Ժանսեմը ծնվել է 1920 թ. Կ.պոլսի մոտ գտնվող Սելեզ գյուղում, մանկությունը անց է կացրել Հունաստանի Սալոնիկում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների` Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում։ Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում
Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում։ Հովհաննեսի մասնագիտական առաջին դպրոցն է դառնում Մոնպառնասի ազատ ակադեմիաները (1934-1936թթ.)։ 1938-ին նա ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը։ Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում։ Սկսել է ցուցադրվել 1944-ից «Անկախների սալոնում» «Ջութակահարը» նկարով։
Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից` մայր ժողովրդի մեծ արհավիրքից։ Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ` թշվառների նկարիչ։ Ժանսեմի աշխարհն ամենուր տխուր է: Նրա հերոսները կարծես ապրում են, և չկան: Ֆրանսիացի տեսաբան Ք. Բլանը Ժանսեմի մասին գրել է. «Կորուսյալ հոգիները իրենց ապաստան են գտել բանաստեղծ-նկարչի մոտ: Նա կտավին է հանձնել այն, ինչը աշխարհը չկարողացավ տեսնել: Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»:
Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին։
2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելել է Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից, նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանին։ 2010 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ժանսեմը պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: