Ուկրաինան պատրաստ է միանալ Մաքսային միության շրջանակներում գործող որոշակի համաձայնագրերի
Ուկրաինայի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են Մաքսային միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու իրենց ցանկության մասին, սակայն Կիևը չի հրաժարվելու ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Նման եզրահանգման է եկել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն` անդրադառնալով Ուկրաինայի վարչապետի հայտարարություններին:
Աղբյուրի հաղորդմամբ, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը այս չորեքշաբթի տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ մասնավորապես հայտարարել է, որ Ուկրաինան, հնարավոր է, միանա Մաքսային միության շրջանակներում գործող որոշակի համաձայնագրերի. «Փոխշահավետ համագործակցության շրջանակներում մենք պատրաստ ենք աստիճանաբար միանալ Մաքսային միությունում գործող որոշակի դրույթների»:
Այս տարվա մայիսին Ուկրաինայի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հուշագիր էր ստորագրվել, ըստ որի Ուկրաինան կարող է մասնակցել Մաքսային միության աշխատանքներին, սակայն դեռևս առանց դիտորդի պաշտոնական կարգավիճակի: Կիևը ցանկություն է հայտնել ձեռք բերել դիտորդի կարգավիճակ, որպեսզի պահպանի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ առևտրաշրջանառության ծավալները և գնահատի միությանն անդամակցելու առավելություններն ու թերությունները:
Նշենք, որ այս օրերին Ռուսատանի և Ուկրաինայի միջև «մաքսային պատերազմ» է ընթանում` կապված Ուկրաինայի` ԵՄ Ասոցացման համաձայնագրի մոտալուտ ստորագրման հետ: ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ եթե Ուկրաինան ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, Ռուսաստանը ստիպված կլինի փոխել Ուկրաինայի հետ գործող առևտրային պայմանները, խստացնել մաքսային հսկողությունը ուկրաինական ապրանքների նկատմամբ` խուսափելու համար Ուկրաինայի տարածքով եվրոպական ապրանքների Ռուսաստան ներթափանցումից:
Օգոստոսի 14-ից ռուսական մաքսային ծառայությունը խստացրել է Ուկրաինայից ներկրված ապրանքների հանդեպ հսկողությունը: Ուկրաինական առևտրային կազմակերպությունները հայտարարել են, որ իրենց ապրանքների մուտքը Ռուսաստան փաստացի արգելափակված է: Ռուսական կողմի մեկնաբանությամբ դա փորձնական միջոցառում է` ստուգելու մաքսային ծառայության պատրաստությունը հետագայում ուկրաինական ապրանքը եվրոպականից զտելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում