Ադրբեջանը պաշտոնական նամակ է ակնկալում ԿԽՄԿ-ից. ԿԽՄԿ-ում տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը
Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի նախագահ Շաին Սաիլովը «ՍալամՆյուզ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ հանձնաժողովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ադրբեջանցի զինծառայող Ֆիրոզ Ֆարաջովի և հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի՝ հայրենիք վերադարձման հարցով պաշտոնական նամակ դեռևս չի ստացել:
Վերոնշյալ թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Panorama.am-ը կապ հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանի հետ։
Հարցին, թե ի՞նչ պաշտոնական նամակի մասին է խոսքը, Ա. Աստաբացյանը նշեց. «Անկեղծ ասած չեմ կարող մեկնաբանել վերոնշյալ հայտարարությունը ու չեմ կարող ասել, թե ի՞նչ են նկատի ունեցել»:
Վերջինս նշեց, որ ԿԽՄԿ-ն իր միջնորդությունը ներկայացնում է այն դեպքում, երբ կողմերը դիմում են իրենց՝ տեղեկացնելով, որ այս ընթացքում հանդիպումներ ու կոնֆիդիցալ զրույցներ են ունեցել երկու կողմերում գտնվող գերիների հետ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Հավելենք, որ Ադրբեջանը նախապես հաստատել էր հայ զինծառայողի՝ մոլորվածության պատճառով Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելու վարկածը, սակայն ավելի ուշ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել զինծառայող՝ ինքնակամ շփման գիծը հատելու վարկածը: Ավելի ուշ, համացանցում շրջանառության մեջ դրվեց հայ զինծառայողի հետ երկու հարցազրույց, ինչը Ժնևյան կոնվենցիայի 13-րդ հոդվածի մի շարք կետերի խախտում է: