Նորանշանակ ճարտարապետը Փակ շուկայի ձևափոխումն ազգային խայտառակություն է որակում
«Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում դատապարտել է Փակ շուկայի ձևափոխումը։ «Ազգային խայտառակություն և դա ես չեմ ասել, դա համազգային կարծիք է»,– հայտարարել է նա։
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը էլ հայտարարել է. «Հուշարձանը կորցրեցինք: Ներսում հուշարձանը մենք կորցրեցինք, որովհետև կեսից ավելի ինտերիերը փչացավ։ Էդ ունիվերսալ մեծ դահլիճը մենք կորցրեցինք փաստորեն։ Գոնե իմանային, թե մենք ինչ արժեքից զրկվեցինք»: Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ինչպես նաև Քաղաքաշինության նախարարությունում խուսափել են գնահատել կատարվածը:
Իսկ «Ժամանակ» օրաթերթն, անդրադառնալով Փակ շուկայի խնդրին, գրել է. «Երևանի սրտում՝ Մաշտոցի պողոտայում գտնվող պատմամշակութային հուշարձան Փակ շուկայի սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ցուցադրական անհնազանդությունը, օրինազանցությունը վերջնականապես լցրել է մտավորականների և ճարտարապետների համբերության բաժակը: Նրանց մտահոգում է, որ շուկայի սեփականատերն իրենց աչքի առաջ բարբարոսաբար քանդում ու աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը, իր տեսակի մեջ բացառիկ ճարտարապետական ստեղծագործությունը:
«Ծածկած շուկան» Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի հերթական կենտրոնը դառնալու հեռանկարից փրկելու համար ձևավորվել է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը: Շարժման պայքարի գործիքներն այսուհետ ավելի կառուցողական և որոշիչ կլինեն: «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում նման հույս է հայտնել ճարտարապետ Սաշուր Քալաշյանն, ով նախաձեռնության ակտիվ անդամներից մեկն է: Նրա գնահատմամբ՝ իրենց այս նախաձեռնությունը վերջակետ է դնելու այս խնդրին: «Սա կենաց ու մահու հարց է: Մենք չենք դիմում օրենքին, մենք արդեն տեր ենք կանգնելու մեր ապրանքին: Մեխանիզմն է՝ գնալ ու ֆիզիկապես արգելակել շենքի հետագա շինարարությունը՝ որպես հակազգային, ազգադավ գործունեություն»: