
Ժանսեմի հուղարկավորությունը տեղի կունենա Փարիզում
Ժանսեմի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա առաջիկա երեքշաբթի ժամը 14.30, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական Եկեղեցում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Ֆրանսիայում 93 տարեկան հասականում մահացել է ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան):
Ժանսեմը ծնվել է 1920 թ. Կ.պոլսի մոտ գտնվող Սելեզ գյուղում, մանկությունը անց է կացրել Հունաստանի Սալոնիկում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների` Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում։ Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:
Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին։
2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելել է Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից, նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանին։ 2010 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ժանսեմը պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: