Շուշան Պետրոսյանը` ոստիկանի կողմից ակտիվիստին համբուրելու մասին. Ըստ նկարի` շատ նուրբ էր
Երգչուհի, ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը զարմանում է, թե ինչու են ֆետիշացրել` ոստիկանի կողմից ակտիվիստ աղջկան համբուրելը:
«Դա՞ է մեր միակ պրոբլեմը այսօր: Դա թեմա չի, ինձ թվում է»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հարցրեց նա ու ավելացրեց, որ համբույրի մեջ ոչ մի վատ բան չկա:
«Ավելի լավ է համբույր, քան ծեծկռտուք»,-ասաց Շ. Պետրոսյանը, ապա դիմելով լրագրողներին, հարցրեց, համբույրի մեջ վա՞տ բան կա:
Արձագանքեցին` նայած, ո՞նց, ե՞րբ և ո՞ւմ կողմից:
«Ըստ նկարի` շատ նուրբ»,-ասաց Շուշան Պետրոսյանը, ապա հիշեցրեց, որ խոսքը հայ աղջկա մասին է ու խորհուրդ տվեց եղածի մասին շատ չխոսել, քանի որ, երգչուհու համոզմամբ, նրան վատություն են անում:
Հիշեցնենք, որ համացանցում մեծ տարածում գտավ Կոմիտաս 5 հասցեում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի կողմից ակտիվիստ աղջկան համբուրելու լուսանկարը: Ոստիկանությունը նախօրեին հայտարարեց, որ ոստիկանության պետի ցուցումով՝ ոստիկանության հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Եզրակացությունները կկատարվեն լիարժեք և ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա: