Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը դեմ են Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու ԱՄՆ-ի մտադրությանը
«Սիրիայի վրա ռազմական հարձակման դեպքում կապակայունանա ողջ տարածաշրջանը»,-այդ մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը, անդրադառնալով ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների կողմից Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու մտադրությանը, մասնավորապես նշել է. «Սիրիան գտնվում է զգայուն իրավիճակում, և այդ երկրի վրա կատարվելիք ռազմական հարձակման պարագայում կապակայունանա ողջ տարածաշրջանը: Անկասկած, ռազմական հարձակումը կվտանգի խաղաղության հաստատման համար ջանքեր գործադրած երկրների ձեռքբերումները»:
Շարունակելով թեման Ռոհանին հավելել է. «Անկասկած, Սիրիայի վրա ռազմական հարձակումը տարածաշրջանին մեծ վնաս կհասցնի՝ պատճառելով ահռելի ծախսեր, ուստի ռազմական գործողությունը կանխելու ուղղությամբ Իրանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ»:
ՌԴ նախագահն էլ իր հերթին շեշտել է, որ ինչպես Իրանը, այնպես էլ իր երկիրը քիմիական զենքի կիրառումն անընդունելի է համարում, անկախ դրանից, թե ով է կիրառել:
«Ոչ մի փաստաթուղթ կամ ապացույց չի ներկայացվել, որը կհաստատի, թե Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել: Ռուսաստանը չի հավատում, որ Սիրիայի իշխանությունները կարող էին քիմիական զենք կիրառել, քանի որ կառավարական զորքերը վերջին շրջանում բարելավել էին իրենց դիրքերը և դրա կարիքը չկար: Եթե ամերիկացի մեր գործընկերները պնդում են, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել, ապա դա հաստատող ապացույցները պետք է տրամադրեն ՄԱԿ-ի հետաքննող տեսուչներին»,-նշել է Վ. Պուտինը:
Նախորդող հրապարակում՝
Իրանի հոգևոր առաջնորդ. Տարածաշրջանը նման է վառոդի պահեստի, որի ապագան հնարավոր չէ կանխատեսել
Armen Israyelyan