ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով համաձայնության չեն հասել
Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների մասնակցությամբ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, անարդյունք է ավարտվել: «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, թե հանդիպման մասնակիցներն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ Մեծ Բրիտանիայի ներկայացրած բանաձևի նախագծի շուրջ, որով արտոնվելու էր հրթիռային հարձակումներ իրականացնել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ:
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, թե քննարկման կեսից հանդիպումը լքել են Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները, ովքեր նախկինում ևս հետևողականորեն պաշտպանել են Սիրիայի կառավարության դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ: Դրանից հետո քննարկումը շարունակվել է ԱԽ մշտական անդամ երեք պետությունների` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների խորհրդակցությամբ:
Քննարկման ավարտից հետո որևէ երկրի ներկայացուցիչ չի ցանկացել մանրամասներ ներկայացնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, թե ՄԱԿ-ի ԱԽ երեք անդամների քննարկումն անօրինական է: Գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, թե խորհրդակցությունից հետո բանաձևի նախագիծն ուղարկվել է ՄԱԿ Ախ մշտական անդամ պետությունների կառավարություններին` հետագա քննարկումների համար:
Նշենք, բանաձևի սույն նախագիծը, որի մասին նախօրեին հայտարարել էր Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ կետի համաձայն հարվածներ ենթադրում է հարվածներ հասցնել Սիրիայի ուղղությամբ` խաղաղ բնակչությանը զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու համար: