«Էյր Արմենիան» նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում
«Էյր Արմենիա» ավիաընկերությունն անորոշ ժամանակով հետաձգել է Երևան-Մոսկվա չվերթը: Ընկերության սեփականատեր Վահան Հարությունյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա առաջին չվերթը:
Հիշեցնենք, որ հայկական միակ՝ «Արմավիա» ավիաընկերության կողմից թռիչքները դադարեցնելու և սնանկացման գնալու մասին հայտարարությունից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց ավիացիոն ոլորտը ազատականացնելու մտադրության մասին: Դրանից հետո բեռնափոխադրումներ իրականացնող «Էյր Արմենիա» ընկերությունն առաջինն էր, որ ստացավ դեպի Ռուսաստանի վեց քաղաքներ՝ Մոսկվա, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Ռոստով, Կրասնոդար, Սամարա չվերթներ իրականացնելու լիցենզիան:
«Ժամանակ»-ի թղթակիցը «Էյր Արմենիա»-ի առաջիկա գործունեության մասին զրուցել է Վ.Հարությունյանի հետ:
- Պարոն Հարությունյան, ինչո՞ւ հետաձգեցիք դեպի Մոսկվա առաջին չվերթը:
- Ընդհանրապես, օդանավ բերելը որոշակի գործընթաց է, որը ենթադրում է տարբեր փուլեր: Ներկայումս օդանավ ներկրելու գործընթացն է, հետո ՀՀ ավիացիոն իշխանություններում լինելու է գրանցման հարցը և այլն:
-Դուք «Ժամանակ»-ի հետ զրույցում նախկինում ասել էիք՝ «ձգտելու ենք, որ մեր ծառայությունը և՛ բովանդակային, և՛ գնային առումով լինի հրապուրիչ»:
-Մենք հայտարարելու ենք այդ մասին: Ես այս պահին չեմ կարող կոնկրետ որևէ թիվ հայտնել, բայց ավիափոխադրումների սակագները տարբեր են լինում, և դրանց նկատմամբ կիրառվում են տարբեր կանոններ: Կան տոմսեր, որոնց նկատմամբ կիրառվելու են որոշակի սահմանափակումներ: Օրինակ, հնարավոր է սահմանափակում լինել, որ ուղևորը չի կարող փոխել թռիչքի օրը կամ էլ կարող է փոխել որոշակի տուգանային պայմանով: Այնպես որ մի ընդհանուր սակագին չկա: Մի չվերթի վրա նույն սպասարկման կարգով նախատեսվում են տարբեր սակագներ, մի գին չէ, որ ես Ձեզ հայտնեմ:
- Մինչև ե՞րբ եք հետաձգելու թռիչքները կամ ե՞րբ եք նախատեսում առաջին թռիչքը:
- Դա հետաձգում չէ, մենք նախապատրաստական փուլում ենք, և դա տարբեր գործընթացներ են նախատեսվում, որոնց իրականացման ընթացքում ենք: Երբ դրանք ավարտին մոտ լինեն, մենք կոնկրետ օրը կհայտարարենք: