Աշոտյան. Խնդիրը կարող է լուծվել, եթե պետությունն ուղղակի կրճատի ընդունելության համար հատկացված տեղերը
Պետությունն այսօր էլ ֆինանսավորում է բուհերին, հատկացնելով պետական պատվեր, սակայն ողջ պահանջարկն իր վրա վերցնել պետությունը չի կարող: Հանրային խորհրդի երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Ազատ շուկայական հարաբերությունների անցնելուց հետո բարձրագույն կրթությունը իրավացիորեն դիտվում է ծառայություն, այլ ճանապարհ չկա և ոչ մի երկրում: Կրթավճարների բարձրացումը համաեվրոպական միտում է: Վերջին երկու տարվա ընթացքում վարձավճարները բարձրացվել են մի շարք երկրներում՝ Իտալիայում, Գերմանիայում, Կանադայում, Նիդերլանդներում: Որևէ երկրում ուսանողությունը հեշտությամբ չի ընդունել նման որոշումը»,-նշել է նախարարը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ա. Աշոտյանի խոսքով կրթության ոլորտում այլընտրանքային ֆինանսավորման կարիք կա, որը, ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես կարող է լրացվել միայն հանրային և գործարար հատվածի ներգրավման միջոցով:
«Այսօր բարձրագույն կրթության ոլորտում մասնավոր ներդրումների ծավալն ընդամենը 1 տոկոս է կազմում, ինչը խիստ ցածր ցուցանիշ է:
Անդրադառնալով այն հարցադրմանը, որ պետական պատվերով տեղերը և պետության առաջարկած սոցիալական փաթեթն ընդամենը ուսանողության 10-20 տոկոսի համար է, նախարարը նշել է. «Մենք վերջին տարիներին, հաշվի առնելով հանրային պահանջարկը շարունակաբար ավելացրել ենք պետական բուհերի ընդունելությոն տեղերը՝ հիմնականում վճարովի համակարգի հաշվին: Խնդիրը կարող է լուծվել, եթե պետությունն ուղղակի կրճատի ընդունելության համար հատկացված տեղերը և տվյալ համամասնության պարագայում սոցիալական աջակցության ծավալն ավելի նկատելի կլինի: Բայց արդյո՞ք նման լուծումը բխում է ուսանողության շահերից»,- նշել է Ա. Աշոտյանը:
Նա հավելել է, որ քաղաքականությունը միտված է եղել, որ բուհ ընդունվելը լինի դյուրին և անհամեմատ դժվար լինի ավարտելը: Պետությունը գնացել է այդ քայլին և այսօր էլ պատրաստ է աջակցել այն ուսանողին, ով լավ է սովորում, ունի բարձր առաջադիմություն:
Նախարարը ներկայացրել է նաև որոշակի հաշվարկներ՝ վարձավճարների բարձրացման արդյունքում բուհերը կունեննան մոտ 430 մլն դրամի հավելյալ հավաքագրում: Մինչդեռ պետության կողմից վարվող քաղաքականության արդյունքում, ինչպես վստահացրել է Ա. Աշոտյանը, սոցիալական տարբեր ծրագրերով ուսանողական զեղչերի համար կծախսվի շուրջ 950 մլն դրամ: Բուհական կրթության մատչելիության խնդիրը, ըստ նախարարի, ակնառու էր նաև անցյալում՝ մինչ վարձավճարների բարձրացումը:
Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ ուսման վարձավճարները մասնավոր բուհերում մի քանի անգամ ավելի էժան են, քան համապատասխան մասնագիտությամբ պետական բուհերում: «Այսքանով հանդերձ, մասնավոր բուհերն այս տարի շուրջ 100 ուսանող են ընդունել: Իսկ պետական բուհերում պետպատվերով և տարկետման իրավունքով թափուր 100 տեղ կա : Սա նշանակում է, որ կրթական պահանջարկի ու առաջարկի բաշխումը անհամաչափ է: Մենք 20 տոկոսով ավելացնելու ենք պետական պատվերը, սակայն միայն պետության համար առաջնահերթություն ունեցող մասնագիտությունների համար»,-նշել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում