Բասենցյան. Արագածոտնի գյուղերում վարակի պիկն անցել է
Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում վարակի պիկն անցել է: Այսօր բժշկի են դիմել երկու մարդ` յուրաքանչյուր գյուղից մեկական բնակիչ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Բասենցյանը:
Նրա խոսքով, Աշտարակի ԲԿ-ում եղած հիվանդների մեծ մասը դուրս է գրվել, մնացել են 2-3 հոգի:
Հիշեցնենք, աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 5 դեպքի գրանցումից հետո Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետներն անմիջապես կազմակերպել են բակային համայցեր, որոնց ընթացքում հայտնաբերվել է ևս 58 հիվանդ: Նրանցից 14-ը բուժվում է Աշտարակի ԲԿ-ում, 4-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Մյուսների բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: Նրանք տարիքային տարբեր խմբերից են։
Թե մարզպետարանի պաշտոնյան, թե Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը որպես վարակի առավել հավանական աղբյուր մատնանշում են խմելու ջուրը:
«Գյուղում մեծ, հանրային միջոցառում չի եղել»,-ասաց գյուղապետը:
Վարչության պետն ասաց, որ ջրի նմուշառում է կատարվել, փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն մի քանի օր անց:
Առողջապահության նախարարության աշխատակիցները խորհուրդ են տալիս օգտագործել միայն եռացրած ջուր:
Այսօր վարակի վերաբերյալ հայտարարությունների պարզբանմամբ հանդես է եկել «Երևան Ջուր» ընկերությունը.
«Մեկնաբանելով Օշական և Ոսկեվազ գյուղերում oգոստոսի 28-ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերը, ՀՀ Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Աննա Հարությունյանը հայտնել է «Արմենիա» հեռուստաալիքին, որ Բազմաղբյուրը, որտեղից իրականացվում է նշված գյուղերի ջրամատակարարումը, պատկանում է «Երևան Ջուր» ընկերությանը: Վերջինիս աշխատակիցները ևս զբաղվում են խնդրի ուսումնասիրությամբ:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ տվյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: «Երևան Ջուր» ՓԲԸ չի զբաղվում Օշական և Ոսկեվազ գյուղերի ջրամատակարարմամբ, հետևաբար չի կրում պատասխանատվություն այնտեղ ստեղծված իրավիճակի համար»: