«Էրեբունի» արգելոց-թանգարանը առաջինը միացավ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շարքին
«Ժառանգության ժառանգները» խորագրի ներքո օգոստոսի 31-ին Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրերին` հաստատելով իր անդամակցությունը եվրոպական մշակութային ընտանիքին:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, 1991 թվականից Եվրոպայով մեկ իրականացվող այս նախաձեռնությունը գնահատվում է որպես Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների կողմից սիրված և սպասված միջոցառումների շարք, ինչը թույլ է տալիս ազգային ժառանգությունները դիտարկել որպես Եվրոպա մայր ցամաքի մեկ ընդհանուր հարստություն` կոտրելով մշակույթների ու լեզուների տարբերություններով պայմանավորված անջրպետը: 1999 թվականից Օրերի մեկնարկը համատեղ են ազդարարում Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը:
Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ` այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվեց լուսանկարների ցուցահանդես` ներկայացնելով Երևանին հասակակից մեկ այլ քաղաքի` Հռոմի ժառանգությունն ու անկրկնելի գեղեցկությունը:
Քառասուն անկրկնելի պատկերներ` Կոլիզեումը, Կայսերական պողոտան, Տրայանոսի և Հռոմեական ֆորումները, Պանթեոնը, Տրևի շատրվանը, Վատիկանը, Կապիտոլիումի բլուրը, վիլլա Պամֆիլին, վիլլա Բորգեզեն, մոնումենտալ ժառանգության այլ օրինակներ այցելուին փոխանցեցին Հռոմի ոգին և պատմական միջավայրը: Եվրոպայի այցեքարտ համարվող «հավերժական քաղաք Հռոմի» 40 տեսարաններ մինչև հոկտեմբեր վերջ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայացնեն քաղաքի պատմական շինությունները` ընդգծելով, որ ժառանգությունը մեր կենսամիջավայրի գեղեցկության երաշխավորն է : Ցուցահանդեսը կրում է «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագիրը և ավարտվում է երևանցիներին ուղղված կոչով` «Սիրենք և միասին պահպանենք Էրեբունին»:
Հանդես գալով բացման խոսքով` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը հույս է հայտնել, որ այս ցուցահանդեսը այցելուների մոտ կձևավորի նոր վարքագիծ և վերաբերմունք դեպի Էրեբունի հնավայրը` մեր քաղաքի ծննդավայրը:
Ցուցահանդեսի բացումը և Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը ողջունել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության աշխատակցուհի Անահիտ Թովմասյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ցուցահանդեսի լուսանկարների հեղինակ, դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը դիմելով ներկաներին` հիշեցրեց, որ ժառանգության պահպանությունը նաև հասարակական պարտավորություն է, իսկ ժառանգությանը պատճառված վնասները անդառնալի կորուստներ են:
Ցուցահանդեսը 1-ինը դիտելու պատիվ են ունեցել նաև Գերմանիայից ժամանած տասնյակ զբոսաշրջիկներ: «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» ցուցահանդեսը կգործի մինչև 2013թ. հոկտեմբերի 30-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում