Կիրո Մանոյանը չի բացառել, որ Վահան Հովհաննիսյանն ու Լևոն Մկրտչյանը, հնարավոր է, նշանակվեն դեսպանի պաշտոնում
Այն, որ եթե մենք անգամ դեսպան կունենանք ՀՅԴ շարքերից` ի դեմս Վահան Հովհաննիսյանի, Լևոն Մկրտչյանի, չի նշանակում, որ դադարելու ենք լինել ընդդիմություն. սա պարզ է»,- «168 ժամ»-ի թղթակցին ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` ի պատասխան ՀՅԴ-ականների` դեսպաններ նշանակելու մասին մամուլի հրապարակումներին և այն կարծիքներին, թե այդպիսով ՀՅԴ-ն կարող է գործարքի գնալ իշխանությունների հետ, մտնել կոալիցիա և այլն:
«Մեր ընդդիմություն լինելը պայմանավորված չէ նրանով, որ մեզ տեղ էին տալիս կամ տեղ չէին տալիս: Մենք դուրս ենք եկել կոալիցիայից, որովհետև Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությանը համաձայն չենք եղել, մնացել էր արտաքին ճակատը, և տեսնելով, որ այդտեղ ազդեցություն չենք ունենում, համարեցինք, որ մնալն անիմաստ էր: Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել տարբեր ուժերի հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է ինչ-որ կոալիցիաների մեջ մտնենք: Իմ կարծիքով, մենք երբեք չենք լինի մի կոալիցիայում, որտեղ մեր կարիքը չունեն: Եթե այս կոալիցիոն գործընկերները անհրաժեշտ կհամարեն մեզ մի երկու աթոռ տան, մենք էլ ազդեցիկ չլինենք, դա մեզ պետք չէ: Մենք նպատակ ունենք` լինել ազդեցիկ: Դաշնակցությունը, որպես սկզբունք, այդպես է աշխատում. Մենք երբեք չենք մտնի այն կոալիցիան, որտեղ ձայն չենք ունենա, ազդեցիկ չենք լինի: Սա իմ անձնական տեսակետն է: Երբ հաստատվեն տեղեկությունները կամ հերքվեն, կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի այս հարցում»,- ավելացրել է նա` այդպիսով առնվազն չբացառելով, որ ՀՅԴ-ականները` հնարավոր է նշանակվեն դեսպանի պաշտոնում: