Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայի դեմ հնարավոր հարձակումը սեփական շահերին համապատասխան
Այն, որ ժամանակակից աշխարհի հակամարտությունների կարգավորման բացառիկ մենաշնորհով օժտված ՄԱԿ-ի ԱԽ-ն, ըստ էության, փակուղում է հայտնվել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հարցում, վաղուց այլևս կասկած չի հարուցում. մինչդեռ այս կառույցի գործունեության արդյունավետությունը գնահատել կարելի է հիմնախնդրի քաղաքական կարգավորման հարթության մեջ, որի հեռանկարը, սակայն, դեռ բավականաչափ մշուշոտ է:
Հետևաբար, ԱՄՆ պետքարտուղարի և նախագահի իրար հաջորդած հայտարարությունները թույլ են տալիս վստահաբար կանխատեսելու Վաշինգտոնի գլխավորությամբ որոշ ինքնուրույն քայլերի հնարավորությունը՝ միտված վերջին օրերին Սիրիայի շուրջ առաջացած իրարանցումն ինչ-որ տրամաբանական հանգուցակետի հասցնելու նպատակին: Սպիտակ տունը սիրիական իշխանությունների մեղավորությունն ապացուցող և գոնե հումանիտար ներխուժման իրավական հիմնավորմամբ սահմանափակ ռազմական գործողություն նախաձեռնելու «անհերքելի» փաստարկների է տիրապետում. այդ մասին հավաստեցին ամերիկյան ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն՝ ինչ խոսք, կարևորելով գործողության համակողմանի քննարկումների (նաև Կոնգրեսի հետ) դիտարկման, մշակման անհրաժեշտությունը՝ միաժամանակ նաև ընդգծելով խաղաղ կարգավորման ճանապարհի սպառված չլինելու հանգամանքը: Այս վերջին տարբերակը, ամերիկյան իշխանությունների ոչ շտապողական կեցվածքն, ի հեճուկս որոշ արևմտյան և տարածաշրջանային ուժերի ձգտումների, հրահրումների, տեղեկատվական խայծերի, թույլ է տալիս կանխատեսել, որ Սիրիայի դեմ հավանական ռազմական հարվածը կարող է հետձգվել սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք «G20»-ի գագաթնաժողովից հետո, որի շրջանակներում վերջին ջանքերը կգործադրվեն Սիրիայի արտաքին հովանավորներից մաքսիմալ զիջումներ կորզելու հարցում. ինչ խոսք, չի բացառվում նաև բարձրաստիճան հանդիպմանը զուգահեռ որոշակի մանևրների ձեռնարկումը:
Վերոնշյալի համատեքստում ուշագրավ է պաշտոնական Անկարայի ռազմատենչ դիրքորոշումը. թուրքական իշխանության բարձրագույն ներկայացուցիչները չեն ընդունում ոչ միայն քաղաքական կարգավորման տարբերակը, այլև՝ անգամ սահմանափակ ռազմական գործողության հնարավորությունը: Էրդողանը բացեիբաց պահանջում է լայնամասշտաբ ռազմական ներխուժում՝ ընդհուպ մինչև Սիրիայում իշխող վարչակարգի տապալումը:
Այս հանգամանքն, իհարկե, արժանի է դիտարկման ոչ թե թուրքական իշխանական վերնախավի ռազմատենչ հռետորաբանության տեսանկյունից, այլև շատ ավելի վտանգավոր զարգացումների հնարավորության դիրքերից:
Այսպիսով, եթե, այնուամենայնիվ, տեղի ունեցավ «հումանիտար ներխուժումը», թեկուզ սահմանափակ ռազմական գործողության տեսքով, ապա չի բացառվում, որ Թուրքիան այն օգտագործի սեփական շահերին համապատասխան՝ անգամ Սիրիայի դեմ լայնամասշտաբ պատերազմ հրահրելով, սադրելով: Իսկ սադրանքներ հրահրելը ներքին զինված հակամարտության հորձանուտում գտնվող պետության շրջանակներում, անգամ հարևան պետության դեմ, այնքան էլ բարդ գործ չէ:
Պատմության ընթացքում, ասենք աշխարհամարտերի դեպքում, երկու պարագայի վառ օրինակներն էլ ունենք. Թուրքիան հմտորեն օգտագործեց Առաջին համաշխարհային պատերազմի հանգամանքը սեփական շահերին համապատասխան՝ իրականացնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, Երկրորդ աշխարհամարտն էլ սկիզբ առավ պարզ սադրանքից:
Հեղինակ` Արմեն Պետրոսյան, արաբագետ