Ո՞ր պաշտոններն են կառավարությունում «կանացի»
«ՀՀ կառավարության աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենսդրությանը և իր Կանոնադրությանը համապատասխան: Այն միտված է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությանը»…. Այս գործընթացում սակայն, ինչպես համոզվեցինք պարզապես Կառավարության պաշտոնական կայքն այցելելով, կանանց թիվը ղեկավար պաշտոններում այնքան նվազ է, որ հարց է առաջանում` արդյո՞ք կանայք այդքան վատ կառավարիչ-մասնագետ-ղեկավարներ են, որ տեղ չունեն պետական այս մակարդակի կարևոր օղակներում:
Ազգային վիճակագրական ծառայության «Կանայք և իշխանությունը Հայաստանում» վիճակագրության համաձայն, 2008- 2011թթ-ին կառավարությունում կանանց թվի նվազում, կարծես թե, չի եղել, անգամ որոշակի ավելացում ունենք` չնչին:
Թվային պատկերը հետևյալն է` 2008թ-ին գործադիրի աշխատակազմում եղել է 113 կին (41.7%) 158 տղամարդու դիմաց , 2011թ-ին` 124 կին ( 42.2%) 172 տղամարդու դիմաց, ինչը վկայում է, որ երեք տարվա ընթացքում գրեթե տոկոսային փոփոխություն չի եղել: Սակայն այստեղ հարց է առաջ գալիս` ինչո՞ւ, ավելի ճիշտ, ի՞նչ պաշտոնների հաշվին է կառավարությունն ապահովում կանանց 42 տոկոս ներկայացվածությունը, որն առաջին հայացքից կարելի է անգամ գենդերային հավասարության վառ ապացույց որակել:
Դիտարկենք ավելի առարկայական. Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը, ինչպես նաև նրա երեք տեղակալները տղամարդիկ են: Վարչապետի անմիջական աշխատակազմում միայն մեկ կին հայտնաբերեցինք` Վարդուհի Պետրոսյանին, ով վարչապետի վեց խորհրդականներից մեկն է: Հինգ օգնականների թվում էլ կանանց ներկայությունը զրո է:
Վիճակն ավելի բարվոք է կառավարության աշխատակազմի ստորաբաժանումներում: 19 բաժին, վարչությունների ղեկավարների թվում կանայք 7-ն են` Ազգային ժողովի հետ կապերի վարչության, Սոցիալական վարչության, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետերը, ինչպես նաև Առաջին բաժնի, Արձանագրային բաժնի, Ընդհանուր բաժնի վարիչները:
Ինչ վերաբերում է մարզպետներին, ապա ինչպես և 2010-ին, այնպես էլ այսօր` 2013թ-ի վերջին Հայաստանում կին մարզպետ չունենք: Մարզպետների տեղակալների, մարզային վարչակազմերի ղեկավարների առումով 2010-ին կանանց թվի ընդհանուր նվազում է նկատվել: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների, 2008թ-ին մարզպետների տեղակալներ, մարզային վարչակազմերի ղեկավարներ են եղել 4 կանայք, մնացած 37-ը տղամարդիկ, իսկ 2010թ-ին կանայք այս պաշտոններում եղել են ընդամենը 3-ը 41 տղամարդու դիմաց: Տոկոսային առումով կանանց ներկայությունն այս մակարդակում ավելի ցայտուն է` 2008թ-ին կայանք ներկայացված են եղել 9.8 տոկոսով, մինչդեռ 2010թ-ին` ընդամենը 6.8 տոկոսով:
Այսօրվա դրությամբ ՀՀ 10 մարզպետներից միայն երկուսը ունեն կին տեղակալներ` Արագածոտնի և Արմավիրի մարզպետները: Մնացած 7 մարզպետների 3-ական տեղակալների թվում այլևս կնոջ անուն չգտանք:
Երկուսն էին նաև մարզպետարանների աշխատակազմի ղեկավար կանայք` միայն Տավուշի մարզպետարանն ու Արմավիրի մարզպետարանն ունեն աշխատակազմի կին ղեկավար:
Հիշեցնենք, որ մի շարք պարտավորություններով, այդ թվում և «Եվրոպական հարևանության քաղաքականության իրագործումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանը պարտավորվել է ընդունել ոչ միայն խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն, այլև լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որոնց արդյունքում օրենսդրությունը կներդաշնակեցվի գենդերային հավասարության և խտրականության բացառման ոլորտներում ԵՄ-ի օրենսդրական կարգավորումներին: Եվ ամենակարևորը` կապահովի իրական գենդերային հավասարություն կառավարման մակարդակներում:
Ծանոթություն. Հրապարակված ոչ ճշգրիտ թվերի պատճառով, մեր հոդվածում ևս որոշ անճշտություններ կային: Դրանք ճշտել, ուղղվել են: