«Նոր Հալեպ»-ում հաջորդ աշնանը տասնյակ բնակարանամուտ կտոնվի
Սիրահայերի համար Աշտարակ քաղաքում կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի հողահատկացման աշխատանքներն ավարտվել են, աշխատանքային խումբն ավարտել է նախագծային աշխատանքները: Այս պահին քննարկվում են տեղանքի հողային շերտերի կարծրության չափման աշխատանքները: Թաղամասի կառուցման ընթացքը Panorama.am-ին ներկայացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
«Մենք, հավանաբար, հոկտեմբերին կամ նոյեմբերին կարող ենք ունենալ հիմնարկեքի արարողություն»,-ասաց Ֆ. Զաքարյանը:
Թաղամասը նախատեսված է շուրջ 500 ընտանիքի համար:
Նախարարության պաշտոնյայի խոսքով, բարեգործական հիմունքներով ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար շատերն են պատրաստակամություն հայտնել:
«Մենք դիմել ենք նաև միջազգային կառույցներին, որոնցից մի քանիսից ստացել ենք դրական պատասխան»,-ասաց աշխատակազմի ղեկավարը:
Նրա խոսքով, արդեն կա առաջին ներդրողը. «Գրանդ Տոբակո» ընկերությունը հաշվեհամարին փոխանցել է 100 հազար դոլար գումար:
«Ես համոզված եմ, որ գալիք աշնանը մենք այնտեղ տասնյակ ընտանիքների բնակարանամուտ կունենանք»,-ասաց Ֆ. Զաքարյանը:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող պատերազմական իրավիճակի հետևանքով Հայաստանում բնակվող սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի առաջարկով Աշտարակ քաղաքում հիմնել «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս։
Դեռ հունիսի սկզբին բնակարան ձեռք բերելու համար արդեն իսկ գրանցվել է շուրջ 600 ընտանիք, որոնք պատրաստ են վճարել բնակարանի արժեքի մինչև 50 տոկոսը։
Նախորդող հրապարակում`
Զաքարյան. Սիրիահայերից շատերը մտափոխվել են, ցանկանում են Հայաստանում հաստատվել
Դավթաշենում բնակարան ձեռք բերելու համար գրանցվել է 200 սիրիահայ. Դիմումների ընդունումը կշարունակվի
«Նոր Հալեպ» թաղամասի համար հատկացվել է 4.8 հա տարածք. Աշխատանքները պետք է արագացվեն