Իրանագետ. Թեհրանը կարող է սպասողական կեցվածք որդեգրել
Որոշ երկրների կողմից Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողություններ ծավալելու կապակցությամբ համաշխարհային հանրությունը հայտնվել է սպասողական իրավիճակում: Այդ գործողությունների հետևանքով կարող է վերաիմաստավորվել տարածաշրջանային գործընթացների տրամաբանությունը, և էապես փոխվել Սիրիայի դաշնակից երկրների, մասնավորապես՝ ԻԻՀ-ի վարքագիծը: Սիրիական զարգացումների հետ կապված իրանական գործոնի պարզաբանման նպատակով Panorama.am-ի թղթակիցը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
-Արդի տարածաշրջանային գործընթացների համատեքստում նվազել է արդյո՞ք Իրանի հետաքրքրությունը Սիրիայի նկատմամբ:
-Վերջին տարիների ընթացքում Սիրիայի հետ կապված գրեթե բոլոր զարգացումները, նույնիսկ անկախ դրանց կարևորության աստիճանից, մշտապես գտնվել են իրանական հասարակության և իշխանությունների ուշադրության կենտրոնում: Արաբական այդ երկրի նկատմամբ իրանական պետությունը դրսևորել է բարձր մակարդակի նրբանկատություն՝ անմիջապես արձագանքելով նրա ներսում և շուրջը ծավալված իրադարձություններին: Վստահորեն կարելի է ասել, որ միևնույն վերաբերմունքն Իրանի կողմից չէր ցուցաբերվի որևէ այլ արաբական երկրի նկատմամբ, եթե այդ երկիրը հայտնվեր սիրիական զարգացումների համանմանությամբ բարդ մարտահրավերների առջև. Սիրիան, աշխարհագրական տեսանկյունից գրավելով կենտրոնական դիրք Իրաքի և Լիբանանի միջև, հանգուցային նշանակություն ունի Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան քաղաքական, տնտեսական առանցքի համար, որն ապագայում կարող էր լուրջ այլընտրանք դառնալ տարածաշրջանային մյուս նախագծերին: Այսօր պաշտոնական Թեհրանի ջանքերն ուղղված են այն նպատակին, որ սիրիական զարգացումների հետևանքով վերջնականապես չկորցնի տարածաշրջանային համագործակցության այդ կարևորագույն ուղղությունը, որը քարտեզի վրա նմանեցվել է կիսալուսնի:
-Ինչպիսի՞ կեցվածք կորդեգրի Իրանը, եթե ռազմական գործողություններ ծավալվեն Սիրիայի դեմ:
-Ակնհայտ է դառնում, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն Սիրիայի դեմ, ապա դրանք իրականացնելու է ԱՄՆ-ը՝ կամ իր դաշնակիցների խիստ սահմանափակ աջակցությամբ կամ` միայնակ: Գործընթացների նմանօրինակ զարգացման պարագայում պաշտոնական Թեհրանը կարող է սպասողական կեցվածք որդեգրել, քանի որ ինչպես տեսնում ենք, Սիրիայի դեմ ռազմական գործողությունների գաղափարը հեռու է միանշանակ ընկալումից ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում, իսկ Սպիտակ տան կողմից այդ հանգամանքի անտեսումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հենց իր համար: Այդ իսկ պատճառով պաշտոնական Թեհրանը կարող է չշտապել ակտիվորեն ներգրավվելու գործընթացներին՝ սպասելով սիրիական կառավարության հակառակորդների ձախողումներին: Բացի այդ, Սիրիային հարվածելու գաղափարի ոչ միանշանակ ընկալումը կարող է կաշկանդել դրա հեղինակների գործողությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն համարձակվի լայնամասշտաբ պատերազմ սանձազերծել՝ զգուշանալով պատասխանատվությունից: Դա, իր հերթին, կասկածի տակ է դնում նման գործողությունների արդյունավետությունը, որը քաջ գիտակցում են Իրանում:
-Իսկ մի՞թե դա չեն գիտակցում Արևմուտքում:
-Հատկապես վերջին շրջանում մշտապես ականատես ենք եղել երևույթների, որոնք առնվազն զարմանք են հարուցել և կասկածի տակ դրել արևելյան իրականության արևմտյան ընկալումների հստակությունը: Հիշենք թեկուզ 2008 թ. ԱՄՆ-ի կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցը, որտեղ խոսվում է այն մասին, որ Իրանում «բնակչության 51%-ը կազմում են պարսիկները»: Դա այն դեպքում երբ հայտնի է, որ «պարսիկ» ինքնանվանումը, որպես էթնոնիմ, չունի որևէ հիմնավորում, այսօր Իրանում հնարավոր չէ գտնել մեկին, որն իրեն «պարսիկ» (fārs) կանվանի: Հետևաբար որևէ հիմնավորում չունի նաև այդ՝ այսպես կոչված «պարսիկների» 51% թվաքանակը: Զավեշտալի էր, բայց միևնույն ժամանակ ցավալի, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու գործառույթներ ստանձնած պետության նախագահի թեկնածուն չէր տիրապետում աշխարհագրական տարրական գիտելիքների: Այնպես, որ բոլորովին չեմ զարմանա, եթե Սիրիայի դեմ գործողությունների շարժառիթ հանդիսանան ոչ թե իրատեսականությունն ու պրոֆեսիոնալիզմը, այլ արևմտյան «սիրողական» պատկերացումները: