Ալեքսանդր Մանասյան. «Արցախի անկախությունը նման է հրաշքի»
«Ղարաբաղյան շարժումը դարակազմիկ երևույթ է եղել և այսօր մենք նորովի պետք է նայենք այդ իրողություններին: Շարժման ակտիվիստները պետք է ավելի շատ անդրադառնան ղարաբաղյան շարժման պատմությանը, որպեսզի ոչ մի փաստ չկորչի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԼՂՀ-ի անկախության հռչակման օրվա խորհրդին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նա նշեց, որ ղարաբաղյան շարժման մեջ գոյություն ունի միջազգային-քաղաքական ենթաշերտ, որը դեռևս լավ ուսումնասիրված չէ: «Ղարաբաղյան շարժման շնորհիվ մենք այսօր ունենք անկախ Հայաստանի Հանրապետություն և անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,-ասաց բանախոսը:
Ա. Մանասյանը նշեց, որ Ղարաբաղի անկախությունը նման է հրաշքի, քանի որ Արցախի անկախությունը ձեռք է բերվել շրջափակման և պատերազմի պայմաններում: «Մենք այսօր ի դեմս ԼՂՀ-ի ունենք տարածաշրջանի ամենակայացած պետությունը: Արցախը կայացել է իր ժողովրդավարական ինստիտուտներով և հասուն հասարակությամբ»,-նշեց Ա.Մանասյանը:
Նրա խոսքերով, այս պահին աշխարհում տեղի է ունենում ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթաց՝ տարբեր երկրներում և տարբեր մակարդակներով: «Մենք պետք է քարոզչական մեծ աշխատանքներ իրականացնենք՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ»,-ասաց բանախոսը: